Ինչպե՞ս կարող է Հայոց պատրիարքը նույնքան թուրքամետ լինել, որքան Էրդողանը


Ինչպե՞ս կարող է Հայոց պատրիարքը նույնքան թուրքամետ լինել, որքան Էրդողանը

  • 05-05-2021 10:25:51   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
Հարութ Սասունյան
 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
 
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը հերթական անգամ հանդես եկավ թուրքամետ հայտարարությամբ, այս անգամ Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ՝ փորձելով գոհացնել իր թուրք տերերին և արժեզրկել նախագահ Ջո Բայդենի Ապրիլի 24-ի ճանաչումը:
 
Բոլորս էլ հասկանում ենք, որ Թուրքիայի հայ համայնքը և պատրիարքը պատանդ են Թուրքիայի կառավարության ձեռքում: Որպես այդպիսին, նրանք ճնշման տակ են՝ թուրքամետ հայտարարություններ անելու համար: Այնուամենայնիվ, կան կարմիր գծեր, որոնք ոչ մի հայ չպետք է հատի՝ անկախ հանգամանքներից կամ պատճառներից: Մեր նախնիները զոհաբերեցին իրենց կյանքը ցեղասպանության ընթացքում՝ չտրվելով թուրքական ճնշումներին և ֆիզիկական սպառնալիքներին: Պատրիարքը, որը համարվում է Աստծո մարդը, պարտավոր է ճշմարտությունն ասել նույնիսկ եթե նրա կյանքին վտանգ է սպառնում:
 
Ինչպես առաջարկել էի ավելի վաղ, եթե պատրիարքը չի ցանկանում խնդիրներ ունենալ Թուրքիայի իշխանությունների հետ, նա պարզապես պետք է բերանը փակ պահի: Նա չպետք է ինքնակամ հայտարարություններ անի ոչ կրոնական հարցերի վերաբերյալ և չպղծի 1.5 միլիոն զոհված հայերի սուրբ հիշատակը: Չպետք է եզրակացնել, որ ամեն անգամ, երբ պատրիարքը թուրքամետ հայտարարություն է անում, նա անպայման դա անում է հարկադրանքի տակ: Ավելին, պատրիարքը պետք է ինքն իրեն հարցնի՝ արդյո՞ք հայ համայնքը որևէ օգուտ ստացել է իր բազմաթիվ թուրքամետ հայտարարությունների դիմաց:  
Անշուշտ, Թուրքիայի կառավարությունը բազմիցս շահարկել է պատրիարքի խոսքերը` թուրքամետ քարոզչությունն ամբողջ աշխարհում տարածելով: Օրինակ՝ 2021 թ․ ապրիլի 23-ին, երբ հայտնի դարձավ, որ Բայդենը հանդես է գալու Հայոց ցեղասպանության իր մեծապես ակնկալելի ճանաչմամբ, Թուրքիայի կառավարության պաշտոնական լրատվական ծառայությունը՝ «Անադոլու» լրատվական գործակալությունը, տեղեկացրեց պատրիարք Մաշալյանի կողմից Բայդենի գալիք ուղերձի դատապարտման մասին։ «Անադոլու»-ն իր «լուրը» վերնագրեց պատրիարքի խոսքերով․ «1915-ի միջադեպերի օգտագործումը քաղաքականության համար տխրեցնում է հայերին»:
 
Ինչպե՞ս կարող էր Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը, որը հայերը ողջունեցին ամբողջ աշխարհում, «տխրեցնե՞լ հայերին»։ Ընդհակառակը, դա վշտացրեց ժխտողական թուրքերին և ոգևորեց հայերին: Պատրիարք Մաշալյանը պարզապես պետք է զբաղվի միայն կրոնական թեմաներով և դատողություններ չանի այլ հարցերի վերաբերյալ: Անկախ նրանից, թե Թուրքիայի կառավարության կողմից ճնշում է գործադրվում քաղաքական հայտարարություններ անելու համար, թե նա անում է ինքնակամ, պատրիարքը պետք է զերծ մնա նման դիրքորոշում որդեգրելուց՝ ասելով, որ որպես հոգևորական ինքն զբաղվում է միայն կրոնական թեմաներով:
 
Ահա հատվածներ պատրիարք Մաշալյանի կողմից 2021 թ․ ապրիլի 23-ին «Անադոլու» գործակալությանն արված հայտարարությունից, որը լայնորեն տարածվեց թուրքական լրատվամիջոցներում.
«Մեզ ցավ է պատճառում, երբ տեսնում ենք, որ մեր ժողովրդի և մեր նախնիների տառապանքները որոշ երկրների կողմից գործիքավորվում են առօրյա քաղաքական նպատակներով: Տասնամյակներ շարունակ խորհրդարանական օրակարգերում հիմնախնդրի օգտագործման պատճառով առաջացած լարվածությունը չի ծառայել երկու ժողովուրդների մերձեցմանը: Ընդհակառակը, դա թշնամական զգացմունքներ է առաջացնում և հետաձգում խաղաղությունը: Մենք, ճիշտ ինչպես մեր նախորդներն ու հանգուցյալ պատրիարքները, կշարունակենք մաղթել խաղաղություն, բարեկամություն և բարեկեցություն թուրքերի և հայերի միջև: Մենք խրախուսելու ենք հարևանության և ընդհանուր հիմքերի վրա հիմնված հարաբերությունների արագ վերականգնումը։ Մենք նախընտրում ենք լինել նրանցից մեկը, որոնք հուսով ակնկալում են բարիդրացիական հարաբերությունների վերականգնում, որոնք բնորոշ են այս հողերին և գոյություն ունեն երկու համայնքների ավանդույթներում`Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների միջև: Հարգելի Ռեջեփ Թայիփ Էրդողանը, և՛ որպես վարչապետ, և՛ որպես նախագահ, Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ եղել է միակ բարձրագույն պետական պաշտոնյան, որն այս առիթով ուղերձներ է հղել։ Այս ուղերձները ցույց են տալիս մի ոգի, որը կիսում է մեր ցավն ու որոշակի հարգանք աքսորում իրենց կյանքը կորցրած մեր ազգի զավակների նկատմամբ։ Մեր կարծիքով, տեղին կլինի դրանք ընդունել որպես դրական քայլեր՝ ուղղված մերձեցմանն ապագայում։ Եթե հնարավոր լիներ ստեղծել նրանց [Թուրքիայի] առաջարկած պատմության համատեղ հանձնաժողովը, ապա առնվազն 15 տարի առաջընթաց արձանագրված կլիներ: Եթե հնարավոր լիներ իրականացնել [Հայ-թուրքական] արձանագրությունները, ապա սահմանները կարող էին բացված լինել։ Այդ դեպքում Ղարաբաղի [խնդրի] լուծումը կարող էր այլ կերպ լինել: Մենք չենք կարծում, որ դեռ ուշ է։ Վեց երկրների հարթակ կառուցելու նախագիծը, որը մեր հարգելի նախագահն առաջարկել է Կովկասի համար, կարող է դարի խաղաղությունը բերել տարածաշրջանի համայնքներին»:
 
Կասկած չթողնելով պատրիարքի թուրքամետ դիրքորոշման առնչությամբ, Թուրքիայի հաղորդակցությունների գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը հավանություն տվեց նրա հայտարարությանը. «Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը տեղին նշեց, որ անցյալի տառապանքները չպետք է օգտագործվեն կարճաժամկետ քաղաքական շահերի համար: [Պատրիարքն ասաց]․ Մենք շարունակելու ենք միասին այս երկրում ապրել խաղաղ և որպես քույրեր ու եղբայրներ»։
 
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը նույնպես աջակցություն հայտնեց Մաշալյանի խոսքերին. «Նեղ քաղաքական օրակարգի համար պատմությունը չարաշահելը չի օգնում ոչ անցյալին, ոչ էլ ներկային»:
Հետաքրքիր է, որ Էրդողանը ապրիլի 24-ին նամակ է ուղարկել Պոլսո Հայոց պատրիարքին՝ հերքելով Հայոց ցեղասպանությունը և համաձայնվելով պատրիարքի խոսքերի հետ: Զարմանալի չէ, որ Թուրքիայի կառավարությունը պաշտպանում էր արքեպիսկոպոս Մաշալյանի թեկնածությունը Պատրիարքական ընտրությունների ժամանակ՝ քան այլ նվազ հնազանդների թեկնածությունը։
 
Պատրիարքը պետք է գիտակցի, որ Թուրքիայի օգտին քարոզչական հայտարարություններ անելով ՝ նա կորցնում է հայերի հարգանքը, ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ դրսում: Նրա հակահայկական խոսքերը դիտվում են որպես վաճառված թուրքական գործակալի խոսքեր: Հայ եկեղեցին և Թուրքիայում գտնվող հայերը պետք է ճնշում գործադրեն պատրիարքի վրա հրաժարական տալու համար, քանի որ նա կորցրել է հայ համայնքի աջակցությունը և այլևս չի կարող գործել որպես նրանց հոգևոր առաջնորդ:
Ամբողջ աշխարհում միայն հետևյալ երկրներն են քննադատել նախագահ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը․ Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան և Հյուսիսային Կիպրոսի չճանաչված Թուրքական Հանրապետություն: Սա Հայոց պատրիարքին դնում է հայ ժողովրդի թշնամիների ամոթալի ընկերության մեջ․․․
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական