Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը․ Արսեն Ղազարյան

05-05-2021 17:02:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հետպատերազմյան և հետհամավարակային տնտեսության վերականգնման խնդիրներ, գործարարության առջև ներկայումս ծառացած հարցեր քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամների և ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի՝ մայիսի 4-ին կայացած հանդիպման ժամանակ։ Ինչպես տեղեկանում ենք  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից, գործարարները ներկայացրին տարբեր ոլորտներում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման իրենց պատկերացումները, զարգացման տեսլականը։
 
Մասնավորապես, անդրադարձեր եղան գյուղատնտեսության, գինեգործության, կապիտալ շինարարության, ոսկեգործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտային
հաղորդակցության, զբոսաշրջության, ֆինանսական  բնագավառներին։ Կարևորվեցին ներդրումների ներգրավումը խթանող միջոցառումների իրականացումը, հարկային և տնտեսական գործունեությանն առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործման, պետական գնումների գործընթացի պարզեցման ու թափանցիկության ապահովման անհրաժեշտությունը։ 
 
  Հանդիպման մասնակիցները հանգամանալի անդրադարձան «Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությանը» և նախարարության կողմից մշակված «ՀՀ տնտեսական քաղաքականության հայեցակարգին»։ Մասնավորապես նշվեց, որ առկա է դրանց լայն հանրայնացման, ինչպես նաև՝ իրագործման առումով մասնագիտական ու փորձագիտական ներուժի ներգրավման անհրաժեշտություն։ Առաջարկվեց ստեղծել միասնական հարթակ, որտեղ ՀՀ էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարությունների, Կենտրոնական բանկի և գործարար համայնքի ներկայացուցիչները կկարողանան պարբերաբար համատեղ քննարկումներ անցկացնել բնագավառին առնչվող քայլերի ու բարեփոխումների շուրջ։
 
«Պետություն-գործարարություն պարբերական երկխոսությունը չափազանց կարևոր է, հատկապես՝ հետպատերազմյան մեր տնտեսության վերականգնման ու առաջմղման համար։ Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»,-նշեց ՀԱԳՄ նախագան Արսեն Ղազարյանը։
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության առաջիկա և ապագային միտված քայլերը, պատասխանեց գործարարներին հետաքրքրող հարցերին։      
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 65 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար