ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչումն ու ռուսական քարոզչամեքենան

05-05-2021 19:00:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հոդված է հրապարակել` «ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչումն ու ռուսական քարոզչամեքենան» թեմայով: 
 
ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչումն ու ռուսական քարոզչամեքենան
 
2021 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ կատարելով իր նախընտրական խոստումը։ 
 
Այս իրադարձությունը լայնորեն լուսաբանվեց և քննարկվեց ռուսաստանյան ԶԼՄ-ներում և փորձագիտական շրջանակների կողմից։ Կրեմլի պաշտոնական դիրքորոշումը հայտնեց ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը․ վերջինս լրագրողների հետ զրույցում նշել էր, որ «դա (Ցեղասպանության ճանաչումը,- խմբ․) ԱՄՆ-ի ներքին գործն է»։ 
 
Հատկանշական է, որ Ռուսաստանը պաշտոնապես
որևէ ուղերձ չհղեց հայ ժողովրդին այդ օրվա կապակցությամբ։ Փոխարենը, ամբողջ թափով գործի դրված ռուսական քարոզչամեքենան խիստ քննադատության ենթարկեց Բայդենի վարչակարգի կողմից Ցեղասպանության ճանաչման փաստը՝ գեներացնելով բազմաթիվ քարոզչական թեզեր։ Դրանցից ամենատարածվածները ներկայացված են ստորև։ 
 
«Որտեղ էր ԱՄՆ-ն 44-օրյա պատերազմի ընթացքում», «ԱՄՆ-ն թքած ունի հայերի վրա»
 
Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստն առաջինը քննադատեց «Ռուսաստանն այսօր» (Russia Today) պետական լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ ճանաչումը ներկայացնելով որպես «փշրանք», որն ավելի քան մեկ դար անց նետվել էր հայերին։ Սիմոնյանը նաև դաշտ նետեց մանիպուլյատիվ հարցադրումը, թե «որտե՞ղ էր ԱՄՆ-ն Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում»։ 
 
«Որտե՞ղ ես եղել, Ամերիկա, այս աշնանը։ Մատդ մատիդ տվե՞լ ես։ Ո՛չ։ Եվ սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ հայերի հանդեպ ամերիկյան վերնախավի վերաբերմունքի մասին։ Այն չկա։ Ոչ լավ, ոչ վատ»,- գրել էր Սիմոնյանը՝ ավելի ուշ իր տելեգրամյան ալիքում «արդարություն պահանջողներին» կոչ անելով փոխարենը ճանաչել Ղրիմը։ 
 
Ռուսական դաշնային «Ռոսիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Սոլովյովի հետ» հաղորդման ընթացքում Մոսկվայի պետական համալսարանի Համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դեկան Անդրեյ Սիդորովն էլ հայտարարել էր․  «Ամերիկացիները, վստահեցնում եմ ձեզ, անկեղծ ասած
թքած ունեն հայերի վրա, Հայաստանի վրա»։ Միևնույն ժամանակ, սակայն, նա նշել էր, որ Հարավային Կովկասում ռուսական ազդեցության հետ հակադրության մեջ Հայաստանը կարևոր օբյեկտ է ԱՄՆ-ի համար։
 
Իսկ «Նատիվի» (իսրայելական պետական կառույց, որը զբաղվում է նախկին ԽՍՀՄ-ում և Արևելյան Եվրոպայում բնակվող հրեաների հարցերով) նախկին ղեկավար, ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Օլեգ Տկաչին պատկանող «Օլմա մեդիագրուպ» ընկերության երկար տարիների վերլուծաբան Յակով Քեդմին «զոհերի հիշատակին ուղղված վիրավորանք» է անվանել Բայդենի ուղերձը։ Քաղաքագետը նույնպես ընդգծել է, որ ԱՄՆ-ն ոչինչ չի արել հայերի համար Արցախում Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում։ 
 
Կրեմլյան քարոզիչներին ձայնակցել են նաև Հայաստանում՝ անտեսելով փաստը, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է։ Օրինակ, «5-րդ ալիքի» եթերում հաղորդավարը բարձրաձայնել է իր ենթադրությունները, թե Բայդենը «հավանաբար մեղավոր չի զգացել իրեն» 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի հանցավոր գործողությունները չդատապարտելու համար (այնինչ, Բայդենը նախագահ է դարձել պատերազմից հետո)։ 
 
«Ցեղասպանության ճանաչմամբ ԱՄՆ-ն աջակցում է Փաշինյանին»
 
Ռուսաստանյան փորձագիտական շրջանակները Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը կապում էին նաև ներհայաստանյան քաղաքական զարգացումների հետ։ Ակտիվորեն շրջանառում էին թեզը, թե Հայոց ցեղասպանության ճանաչմամբ Բայդենը «սիրաշահում է հայաստանյան իշխանություններին», սպասվող արտահերթ ընտրություններում աջակցություն հայտնում Նիկոլ Փաշինյանի վարչակարգին։
 
Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի արևելագետ, «Ռոսիա» հեռուստաընկերության քաղաքական-վերլուծական նախագծերի մշտական բանախոսներից Եվգենի Սատանովսկին, որը պնդել է, թե «հնարավոր է՝ դա պետք էր Փաշինյանին ընտրություններից առաջ աջակցելու համար»։   
 
«Երեկոն Սոլովյովի հետ» հաղորդման ընթացքում ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի դոցենտ Վլադիմիր Ավատկովը վստահություն է հայտնել, որ սրանով ԱՄՆ-ն ամրապնդում է իր դիրքերը Հայաստանում՝ առաջիկայում սպասվող արտահերթ ընտրությունների ֆոնին։ 
 
«(ԱՄՆ-ն,- խմբ․) Նպատակ է հետապնդում ամրապնդվել Հայաստանում, որտեղ, ինչպես Դուք (դիմում է հաղորդավարին,- խմբ․) շատ ճիշտ նկատեցիք, գտնվում է իր ամենամեծ դեսպանատունը։ Ֆրանսիայի անհաջողությունների ֆոնին, անհաջողություն ասելով՝ ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ, ամերիկացիները փորձում են վերականգնել ու ուժեղացնել իրենց ազդեցությունը (ՀՀ-ում անցկացվելիք,- խմբ․) առաջիկա ընտրություններում»,- ասել է Ավատկովը։ 
 
Այս թեզը նույնպես վերարտադրվել է հայաստանյան մեդիայում․ «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանն անգամ պնդել է, որ Բայդենն Էրդողանի հետ պայմանավորվել է ճանաչել Ցեղասպանությունը, քանի որ դրանով «կաջակցեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող Փաշինյանին» նախընտրական շրջանում։ 
 
«ԱՄՆ-ն պատժում է Թուրքիային ՌԴ-ի հետ մերձեցման համար»
 
Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման լուրը ռուսաստանյան հեռուստաեթերում ներկայացվել է հիմնականում ՌԴ-ի հետ հարաբերությունների համատեքստում։ 
 
Մասնավորապես, դաշնային «Ռոսիա 24»-ի լուրերի թողարկման ընթացքում մեկնաբանը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն վերջին շրջանում «անում է ամեն ինչ, որպեսզի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվի ՌԴ-ի հետ բարիդրացիական հարաբերություններից»։ Նույն հեռուստաընկերության լուրերի մեկնաբան Դմիտրի Կիսիլյովն էլ նկատում է՝ ԱՄՆ-ն «պատժում է Թուրքիային ինքնուրույն արտաքին քաղաքականության և, հատկապես, ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար»։ 
 
Հակառուսականության ալիք, ՌԴ ազդեցության թուլացում ու «սորոսականներ»
 
Թեմայի շուրջ վերլուծություններում և քննարկումներում կարմիր գծի պես անցնում էին  Հայաստանում հակառուսական հերթական ալիքի բարձրացման, դեպի Արևմուտք հանրության կողմնորոշման վերաբերյալ մտահոգությունները։ 
 
Այս համատեքստում ռուսաստանյան քարոզչամեքենան նորից թիրախավորեց և պիտակավորեց հայաստանյան քաղաքացիական հասարակությանը, հասարակական կազմակերպություններին։ 
 
Օրինակ՝ «Սոլովյով LIVE» հաղորդման ընթացքում քաղաքագետ Սիմյոն Բաղդասարովը նախ համոզմունք հայտնեց, որ Հայաստանում այս հարցը շահարկելու են ընդդեմ ՌԴ-ի, հօգուտ՝ ԱՄՆ-ի։ 
 
«Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը ռուսամետ է, դե իհարկե կա նաև մի փոքր շերտ, մենք նրանց անվանում ենք «սորոսյատա», որը ունի ամերիկամետ կեցվածք։ Ահա նրանք խաղարկելու են այս խաղաքարտը, այդ թվում նրանցից ոմանք իշխանության շարքերում են»,- ասել է Բաղդասարովը՝ նշելով, որ աշխարհաքաղաքական խաղ է գնում Հարավային Կովկասից ՌԴ-ն դուրս մղելու ուղղությամբ, իսկ Բայդենի գործողությունները հենց այս տեսանկյունից պետք է վերլուծել։ 
 
ՌԴ պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքով հեռարձակվող «Ամերիկյան բլուրներ» հաղորդման ընթացքում Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Դմիտրի Եգորչենկովը նույնպես խոսել է հայաստանյան քաղաքացիական հասարակության մասին՝ որպես Արևմուտքի գործիքի։ Նա պնդում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է այդ լծակով առաջ տանել ի հետաքրքրությունները Հայաստանում՝ նվազեցնելով Հարավային Կովկասում ՌԴ ազդեցությունը։ 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 91 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար