Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն արժևորում է հայկական երաժշտարվեստի զարգացման գործում մեծ ավանդ ներդրած կոմպոզիտորներին


Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն արժևորում է հայկական երաժշտարվեստի զարգացման գործում մեծ ավանդ ներդրած կոմպոզիտորներին

  • 06-05-2021 12:10:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը մեկնարկեց Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Ջիվան (Ջոն) Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունների ներկայացմամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ ջութակահար Հայկ Կազազյանը` ներկայացնելով Առնո Բաբաջանյանի Ջութակի կոնցերտը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Վահագն Պապյանը։
 
Հայկ Կազազյանը, խոսելով Բաբաջանյանի կոնցերտի մասին, նկատեց, որ այն հաճախ չի կատարվում։ 1949 թվականից հետո, երբ տեղի է ունեցել Ջութակի կոնցերտի պրեմիերան, այս ստեղծագործությունը հնչել է ընդամենը մի քանի անգամ։ Կազազյանն ինքն այս կոնցերտը հունվարին ներկայացրել է նաև Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում։
 
Ըստ ջութակահարի՝ Բաբաջանյանի Ջութակի կոնցերտը հրաշք գործ է՝ շատ ցայտուն, էմոցիոնալ, վառ, վիրտուոզ, գունավորված գեղեցիկ թեմաներով։ Լինելով դաշնակահար՝ Առնո Բաբաջանյանը կարողացել է գրել հրաշալի մի ստեղծագործություն ջութակի համար, ինչը խոսում է կոմպոզիտորի վարպետության մասին։ Հայկ Կազազյանը նշում է, որ կոմպոզիտորի 100-ամյա հոբելյանի տարում նախատեսում է տարբեր բեմերում ներկայացնել Բաբաջանյանի Ջութակի կոնցերտը։ 
 
Դիրիժոր Վահագն Պապյանի խոսքով՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կարևոր նախաձեռնություն է. այն հնարավորություն է տալիս ունկնդրելու մեր դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները, որոնք հաճախ չեն հնչում։ Այս փառատոնի միջոցով արժևորվում են մեր մեծերը, որոնք մեծ ավանդ են ունեցել հայկական երաժշտարվեստի զարգացման գործում։
 
Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի հաջորդ համերգները տեղի կունենան մայիսի 17-ին և 22-ին։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ 2010 թվականին ստեղծված փառատոնի նպատակն է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն ունկնդիրների լայն շրջանակներում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումն ու պահպանումը։ Փառատոնը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ 
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն