Ինչո՞ւ է Լավրովը Հայաստանում. ՌԴ-ն շտապում է բացել Մեղրիի միջանցքը. քաղաքագետ


Ինչո՞ւ է Լավրովը Հայաստանում. ՌԴ-ն շտապում է բացել Մեղրիի միջանցքը. քաղաքագետ

  • 06-05-2021 17:40:36   | Հայաստան  |  Քաղաքական



Ադրբեջանի թիվ մեկ խնդիրը դեպի Նախիջևան միջանցքի ստացումն է, և քանի որ այդ ճանապարհները, որոնք Ադրբեջանից Սյունիքի տարածքով հասնելու են Նախիջևան, վերահսկվելու են ՌԴ սահմանապահ զորքերի կողմից, ստացվում է`Հայաստանն ունենալու է ինքնիշխանության որոշակի սահմանափակումներ Սյունիքի նկատմամբ:
 
Այս մասին «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց Քաղաքական գիտությունների հայկական ասոցիացիայի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը:
 
Ըստ նրա` պարզ է, որ այդ միջանցքների կամ կոմունիկացիաների տրամադրման հարցում կա որոշակի դադար, և եթե հունվարի 11-ի հայտարարությունն ենք հիշում, այնտեղ հստակ ֆիքսված էր, որ մինչև մարտի 1-ը փոխվարչապետների մասնակցությամբ ստեղծված աշխատանքային խումբը պետք է ներկայացնի կոնկրետ ճանապարհային քարտեզ, բայց այսօր արդեն մայիսի 6-ն է, և որևէ ճանապարհային քարտեզ ներկայացված չէ:
 
 «Քանի որ բանակցությունները փակ են, ես կդժվարանամ ասել` որն է պատճառն այս հետաձգումների, բայց չեմ բացառում, որ գուցե Հայաստանում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Սակայն մի բան հստակ է, Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Հայաստանում տեղի ունենա ապաշրջափակում և բացվեն ճանապարհներ, այդ թվում նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող: Ինչո՞ւ: Որովհետև նրանք սա տեսնում են հնարավորություն իրավիճակի կայունացման: Գուցե նրանք մտածում են, որ դրանով կնվազեցնեն Թուրքիայի հետագա ազդեցությունը տարածաշրջանում, որովհետև, ըստ նրանց տրամաբանության, ինչքան հակամարտությունը սրվի, այնքան Թուրքիան կունենա ավելի շատ ներգրավվելու հնարավորություն: 
 
Կարծում եմ, որ Ռուսաստանը կփորձի արագացնել այդ ճանապարհների տրամադրման գործընթացը, բայց բոլորն են հասկանում, որ դժվար թե մինչև հունիսի 20-ը իշխանության կողմից որևէ քայլ արվի այդ ուղղությամբ , քանի որ դա զգայուն թեմա է: 
Բայց գուցե ձեռք բերվեն պայմանավորվածություններ, որ եթե հունիսի 20-ից հետո գործող իշխանությունը պահպանվում է, ապա ճանապարհների բացման գործընթացը արագանա ու մոտենա իր տրամաբանական ավարտին»,- ասաց  Պողոսյանը:
 
Մանրամասն` տեսանյութում
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական