06-05-2021 17:00:41 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որպես առանձին կուսակցություն՝ առանց դաշինքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դաշինքով չի մասնակցելու ընտրություններին, այլ մասնակցելու է որպես առանձին կուսակցություն»,- ասաց Մակունցը:
ՔՊ-ի ցուցակի հետ կապված հրապարակում դեռ չարեց՝ նշելով, որ մայիսի 10-ից հետո կսկսեն ներկայացնել, թե ցուցակներն ինչ տրամաբանության կլինեն, ովքեր ներգրավված կլինեն: Սակայն նա ասաց. «Նոր մարդիկ կլինեն նախընտրական ցուցակում: Ցուցակը կազմվելու է առաջին հերթին կուսակցությունների մասին օրենքին համապատասխան»:
Անդրադառնալով հարցին՝ գործարարներ կլինե՞ն ցուցակում, Մակունցը չցանկացավ այդ առումով որևէ մեկնաբանություն անել այս պահին:
Անդրադառնալով նրան, որ քարոզարշավը չսկսած՝ Երևանում արդեն կան «Քաղաքացիական պայմանագրի» պաստառներ՝ նա ասաց, որ Երևանում և ոչ միայն Երևանում կան տարբեր պաստառներ, որոնք ներկայացնում են տարբեր քաղաքական թիմեր, ինչը գործող օրենքներին համապատասխան է և որևէ կերպ չի հակասում: