Գրեթե բոլոր ուղղություններով սպառազինություն ենք ավելացրել. Ռազմական ոլորտում լայնածավալ ծախսեր ենք կատարել. ԱԽ քարտուղար


Գրեթե բոլոր ուղղություններով սպառազինություն ենք ավելացրել. Ռազմական ոլորտում լայնածավալ ծախսեր ենք կատարել. ԱԽ քարտուղար

  • 06-05-2021 18:04:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանը շարունակաբար ռազմական բյուջե էր ավելացնում, իսկ Հայաստանն այդ ուղղությամբ գրեթե որևիցե քայլ չէր անում։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, գրում է Փաստինֆոն։
 
Հարցին՝ արդյոք կարո՞ղ է փաստեր ներկայացնել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դավաճանել են, Արմեն Գրիգորյանն ասաց. «Ղարաբաղին բանակցային գործընթացից դուրս են թողել։ Սերժ Սարգսյանը 2011-ին Կազան էր ուզում ստորագրել, իհարկե Ադրբեջանը չստորագրեց։ Դրանից հետո Հայաստանը պարբերաբար հրաժարվել է իր պահանջներից և նրանք, չկատարելով իրենց ընդհանուր պարտականությունը, երկիրը հասցրել են այս վիճակին»,-ասաց անվտանգության խորհրդի քարտուղարը։
 
Վերջինս ասաց, որ շուտով կհրապարակեն, թե 2018-2020թթ.-ին իրենց իշխանությունն ինչեր է արել։
 
Դիտարկմանը, որ իրենք բանակը զինել են ելակով, Արմեն Գրիգորյանն ասաց. «Մենք բանակը ելակով չենք զինել։ Գրեթե բոլոր ուղղություններով սպառազինություն ենք ավելացրել։ Պարտվել ենք, որովհետև նախորդ 10-20 տարիներին նույն տեմպով աշխատանք չի իրականացվել։ 2017թ.-ին ռազմական բյուջեն մոտ 207 մլրդ է եղել։ Մենք 2018-ին բյուջեն 309 միլիարդ ենք դարձրել, և սա արտացոլվել է սպառազինության գրեթե բոլոր ուղղություններով։ Ձեռք ենք բերել ժամանակակից սպառազինություն։ Եթե 2016-2018թթ.-ին ձեռք է բերվել ցանկացած տեսակի զենքից օրինակ 50 միավոր, մենք 300-ից բարձր թվով ենք ձեռք բերել»,-ասաց ԱԽ քարտուղարը։
 
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտրարարությանը, որ պատրաստվում էր ԱԹՍ-ի մեծ խմբաքանակ գնել, սակայն գործող իշխանությունները եկան ու չեղարկեցին դա, Արմեն Գրիգորյանն ասաց, որ ՀՀ երրորդ նախագահը ստել է. «Նա սուտ է ասում։ Եթե 2016-2018թթ.-ին Սերժ Սարգսյանը ձեռք է բերել պայմանական X քանակի ԱԹՍ, մենք 2018-ին X անգամ յոթ ենք ձեռք բերել։ Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ պլանավորված է եղել պայմանական 1000 ԱԹՍ-ի ձեռքբերում, մենք այդ թիվը բարձրացրել ենք 1800-ի և շարունակաբար ռազմական ոլորտում լայնածավալ ծախսեր ենք կատարել»,- նշեց Արմեն Գրիգորյանը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը