Մարզերում 15 նոր դպրոց և 10 նոր մանկապարտեզ կկառուցվեն. 2 մլրդ 942 մլն դրամի պետական հատկացում


Մարզերում 15 նոր դպրոց և 10 նոր մանկապարտեզ կկառուցվեն. 2 մլրդ 942 մլն դրամի պետական հատկացում

  • 06-05-2021 21:06:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարության՝ մայիսի 6-ին կայացած նիստի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեն ավելացվել է 2 մլրդ 942 մլն 825 հազար դրամով, տեղեկանում ենք նախարարությունից:
 
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի զեկուցմամբ` գումարը նախատեսվում է հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ ՀՀ մարզերում սովորողների փոքր համակազմ ունեցող 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցումը շարունակելու, ինչպես նաև 10 մոդուլային մանկապարտեզների շինարարության համար: Մասնավորապես, Արմավիրի մարզի Արևիկ համայնքում 144 սանի համար նախատեսված մոդուլային մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներն այս տարի կավարտվեն, իսկ 9 համայնքում նույն տիպի մանկապարտեզների կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերը կմշակվեն, կտրվի նաև շինարարական աշխատանքների մեկնարկը:
 
Մոդուլային դպրոցների մարզային բաշխվածությունը  
Սյունիքի մարզ` 3 դպրոց. Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց, Վաղատինի միջնակարգ դպրոց, Դարբասի միջնակարգ դպրոց, 
Արագածոտնի մարզ` 2 դպրոց. Լուսակնի միջնակարգ դպրոց, Գառնահովիտի  միջնակարգ դպրոց,
Գեղարքունիքի մարզ` 2 դպրոց. Լեռնահովիտ գյուղի Վ. Բարեղամյանի անվան հիմնական դպրոց, Շատջրեք գյուղի միջնակարգ դպրոց,
Լուռու մարզ` 2 դպրոց. Մեդովկայի միջնակարգ դպրոց, Հագվու հիմնական դպրոց,
Կոտայքի մարզ` 2 դպրոց. Ջրառատի միջնակարգ դպրոց, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց, 
Արարատի մարզ` 1 դպրոց. Դեղձուտի միջնակարգ դպրոց,
Արմավիրի մարզ` 1 դպրոց. Արգինայի միջնակարգ դպրոց, 
Վայոց ձորի մարզ` 1 դպրոց. Եղեգիսի միջնակարգ դպրոց, 
Շիրակի մարզ` 1 դպրոց. Բերդաշենի միջնակարգ դպրոց:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play