«5165» շարժումը քննարկել է կրթական համակարգի վերակերտման տեսլականը

06-05-2021 21:19:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Մայիսի 6-ին կայացել է «5165» շարժման կրթության հարցերի հանրային-մասնագիտական առաջին քննարկումը, որը վարում էր
շարժման առաջնորդ, «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն, «Որդուս» հասարակական կազմակերպության ղեկավար Կարին Տոնոյանը, տեղեկանում ենք շարժման տարածած հաղորդագրությունից:
 
Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում էին մայրաքաղաքից և մարզերից մեկտեղված շուրջ 150 մանկավարժներ, գիտաշխատողներ, կրթական ոլորտի կառավարիչներ, դասախոսներ և շահագրգիռ այլ քաղաքացիներ։ 
 
Կրթության հարցերի հանրային-մասնագիտական քննարկման նպատակն էր նախ ներկայացնել «5165» շարժման արժեքները, գաղափարախոսական հենքը և հայեցակետային պատկերացումները կրթության ոլորտի զարգացման վերաբերյալ։
Իր ծավալուն ելույթում շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը մասնակիցներին ներկայացրեց կրթական համակարգի վերակերտման տեսլականը՝ մասնավորապես նշելով․
 
«Ազգային արժեքաբանությունը՝ որպես կրթության բովանդակության բաղադրիչ, պետք է առանցքային նշանակություն ունենա նոր կրթական համակարգում»։
 
Կարին Տոնոյանը նշեց, որ արտաուսումնական կրթությունը պետք է դառնա ազգային արժեքների դաստիարակության ուղի։ 
Հանդիպման մասնակիցներին ներկայացվեց ռազմական կրթության, էլիտար սպայական կազմի պատրաստման, բժշկական կրթության մակարդակի բարձրացման, հայագիտական կրթության լայնածավալ ներառման հայեցակարգը, որը կդրվի կրթական ծրագրերի պետական առաջնահերթությունների հիմքում։
 
Ոլորտի մասնագետները քննարկման ընթացքում մատնանշեցին առկա կրթական համակարգի բացերը, մասնավորապես՝ թե ինչպիսի՞ քաղաքացի է պատրաստում այսօրվա կրթությունն ու դպրոցը։ Հանդիպման ավարտին քննարկման մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին միանալ հանձնաժողովի հետագա աշխատանքներին և համատեղ ուժերով մշակել «5165» շարժման կրթական ծրագիրը։
 
Հիշեցնենք, որ արդեն կայացել են շարժման տնտեսական և առողջապահական հանձնաժողովների նիստերը, որոնց արդյունքներով ձևավորվել են աշխատանքային խմբեր։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 105 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար