Ընտրություններում հաղթող չի լինելու, պարտվելու են բոլորը, արդյունքում, պետությունը. Դեմկուս


Ընտրություններում հաղթող չի լինելու, պարտվելու են բոլորը, արդյունքում, պետությունը. Դեմկուս

  • 07-05-2021 19:38:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդը տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է.
 
«Գնաճը, սոցիալական անարդարությունը, կյանքի որակի անկումը կարելի է հաղթահարել։ Մեկ երևույթ, հատկապես, անկախության տարիներին ՀՀ-ում արտահայտված, անդառնալի և ողբերգական հետևանքներ է ունենում`  դա երկրի ամայացումն է։
 
Հիշեցնենք՝ Խորհրդային տարիներին, անգամ հաշվի առնելով Հայրենական Մեծ պատերազմում կրած ահռելի կորուստները, Հայաստանի բնակչությունը 700 հազարից 1989թ․ աճել է հինգ անգամ,  կազմելով երեք  միլիոն ութ հարյուր հազար։
 
Անկախության 30 տարիների ընթացքում երկրից հեռացել է /համաձայն պաշտոնական վիճակագրության/ մեկ միլիոն ՀՀ քաղաքացի։ Փաստացի այդ թիվը շատ ավելի է, քանի որ մի քանի հարյուր հազար հայ գրանցված է ՀՀ-ում, սակայն մշտական բնակություն է հաստատել այլ երկրներում։
 
Վերջին իշխանափոխությունից հետո, շատերի մոտ հույսեր արթնացան, թե երկրում  նոր համակարգի ձևավորմամբ, կվերանան նախկին ռեժիմի արատավոր երևույթներն և մեր ժողովուրդը կլծվի նոր որակի Հայրենիք կառուցելու գործին։ Ավաղ․․․ Ն․ Փաշինյանի և նրա հետ պատասխանատվություն կրողների ապաշնորհ գործելաոճի պատճառով, ունենք մի իրավիճակ, որը հղի է պետականության հիմքերի խարխլմամբ և, վճռական փոփոխության չենթարկվելու դեպքում՝ պետության փլուզմամբ։
 
Որպես եզրահանգում, վերջին փաստարկ նշենք 2021 թ․ չորս ամսվա վիճակագրական տվյալները՝ հունվար – ապրիլ ամիսներին Հայաստանից միայն օդային ճանապարհով մեկնողների թիվը ժամանողների համեմատ ավել է 76677-ով։ Այսինքն, փախել են անորոշությունից, արտագաղթել են։ Տարեկան կտրվածքով այն կարող է գերազանցել 200 000։
 
Իսկ երբ հասու լինի Վրաստանով դեպի Ռուսաստան ճանապարհը, դժվար է կանխագուշակել որքանով կավելանա արտագաղթողների թիվը։
 
Այս իրողությունը անբեկանելի փաստ է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը չեն վստահում առնվազն երկրից արտագաղթածները և նրանք, ովքեր սպասում են հարմար պահի։
 
Արտահերթ ընտրությունները ճգնաժամը չեն հանգուցալուծելու, այլ ավելի են խորացնելու, ընդհուպ սադրելով քաղաքացիական բախում ներ։ Հաղթող  չի լինելու։ Պարտվելու են բոլորը, արդյունքում, պետությունը։
 
Ելքը՝ իշխող թիմի հեռացումն է իշխանությունից,  ժամանակավոր կառավարության ձևավորումն ՀՀ նախագահի կողմից, որը կազմված կլինի արհետավարժներից։ Մոտ մեկ տարի անհրաժեշտ կլինի փոխելու երկրում ձևավորված ատելության, անհանդուրժողականության  մթնոլորտը, կարգավորելու հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, նախանշելու տնտեսական զարգացման առաջնահերթությունները, հիմք դնելով խոշոր ֆինանսական ներդրումների իրականացմանը։
 
Զգուշացնում ենq քաղաքական այն ուժերին, որոնք անվերապահ պատրաստ են մասնակցել ընտրություններին՝ անգամ  ամենալայն քաղաքական միավորումը, ձայների հաշվարկի վերահսկումը, չի խանգարելու այսօրվա իշխող թիմին «քաղաքակիրթ» մեթոդով հռչակել իր «ջաղջախիչ հաղթանակը»։
 
Ազգի էլիտայի խնդիրն է միավորմամբ շրջադարձ ապահովել առանց արտահերթ ընտրությունների անցկացմամբ»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն