«Բարձունք»-ը կուսումնասիրի առաջիկա ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրերը


«Բարձունք»-ը կուսումնասիրի առաջիկա ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրերը

  • 07-05-2021 22:00:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Բարձունք» գիտակրթական-ռազմավարական հասարակական կազմակերպությունը մեկնարկում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրերի ուսումնասիրություն, որին կհետևի կուսակցությունների հետ հանդիպումների շարք, տեղեկանում ենք կազմակերպությունից: Նպատակը լայն հանրության համար առավել թափանցիկ ձևով քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերն ու ապագայի տեսլականները  ներկայացնելն է: 
 
«Բարձունքն ամեն ինչ անելու է, որպեսզի մեր հանրությունը տարբերակի քաղաքական ուժերին՝ նրանց ներուժը, տեսլականները: Անշուշտ դրա համար անհրաժեշտ է որոշակի ուսումնասիրություն անցկացնել, ինչի ուղղությամբ էլ մենք աշխատում ենք: «Բարձունք»-ը  համոզված է, որ գրագետ մոտեցման ու հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է կարգավորել մեր քաղաքական դաշտը», - նշեց «Բարձունք»-ի հիմնադիր խորհրդի անդամ էռնեստ Ավանեսովը: 
 
«Մեր քաղաքական ուժերը սովոր են իրենց նախընտրական քարոզը կառուցել գործող իշխանության քննադատության վրա, և դա նրանց կարծես ազատում է որևէ հստակ քաղաքական ծրագիր ունենալու պարտավորությունից: Բայց դա այդպես չէ, մենք չենք գնում ընտրության միայն գործող վատ իշխանությունից ազատվելու համար, և պիտի տեղեկացված որոշում կայացնենք ու հստակ իմանանք, ով պիտի որոշի մեր ապագան», - նշեց նախագիծն իրականացնող ՀԽ անդամ Տիգրան Արեգունին: 
 
Նախագծի առաջին փուլում կուսակցություններին ուղարկվելու է «Բարձունք»-ի մասնագիտական խմբերի կողմից մշակված համալիր հարցաշարը: Երկրի զարգացման ուղղությունների վերաբերյալ տարբեր քաղաքական ուժերի պատկերացումներն առավել արդյունավետ ընդգծելու նպատակով հարցաշարի պատասխանները վերլուծության են ենթարկվելու  «Բարձունք»-ի մասնագետների կողմից:
 
Հաջորդ փուլում «Բարձունք»-ի կամավորները հանդիպումների շարք են սկսելու կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց նախընտրական ծրագրերը քննարկելու համար: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն