«Օրենքով գողին» մեղադրանք է առաջադրվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար

07-05-2021 21:33:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության
բարձրագույն կարգավիճակ ունեցող, «օրենքով գող» «Ժ.Շ.»-ն, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ հանցագործություն կատարելու վերաբերյալ հանձնարարություններ տալով խմբավորման անդամներ հանդիսացող անձանց: 
Վերջիններս, ստանալով և կատարելով «Ժ.Շ.»-ի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն:
 
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ «Ժ.Շ.»-ն «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում պահվող,  նույն հիմնարկում, այսպես կոչված, «զոն նայողի» գործառույթներն իրականացնող «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Կ.Հ.»-ին հանձնարարել է՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, «քրեական հեղինակության», այսպես կոչված, «զոն նայող» Ս.Ա.-ին իր անունից հրահանգել ծեծի ենթարկելու միջոցով «պատժել» նույն քրեակատարողական հիմնարկի կալանավորին, ինչը, սակայն, Ս.Ա.-ն հրաժարվել է կատարել:
 
Իր հանձնարարությունը չկատարելու համար «Ժ.Շ.»-ն նախաձեռնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի «զոն նայողին» փոխարինելու գործընթաց՝ «Կ.Հ.»-ին հանձնարարելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով առաջնորդվող, «իրենց խոսքը պահող նորմալ մարդ» գտնել: 
Իր հերթին «Կ.Հ»-ն հանձնարարության կատարմանը ներգրավել է «Արմավիր» ՔԿ հիմնարկում պահվող, նույն հիմնարկի, այսպես կոչված, «զոն նայող» «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Բ.-ին, ով երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պ.» մականվամբ կալանավորին:
 
Վերջինս, կրելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման վարքագծի կանոնները,  ժամանակավորապես ստանձնել է նշված ՔԿ հիմնարկում, այսպես կոչված, «զոն նայողի» գործառույթները և 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի և այլնի տեսքով «դրսից բերված գրեֆներ» է բաժանել քրեակատարողական հիմնարկի կալանավորված և դատապարտված անձանց, ինչպես նաև՝ հանձնարարել 2021թ. հունվարի 18-ին և հունվարի 24-ին իրականացնել անկարգություններ:
 
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝
«Ժ.Շ.»-ին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 103 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար