Պուտինը Հայրենական պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է Փաշինյանին և ՀՀ քաղաքացիներին


Պուտինը Հայրենական պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է Փաշինյանին և ՀՀ քաղաքացիներին

  • 08-05-2021 13:50:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում  հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել նախկին ԽՍՀՄ մաս կազմող երկրների առաջնորդներին և ժողովուրդներին, այդ թվում և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ քաղաքացիներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
 
Պուտինն ընդգծել է, որ Հաղթանակի օրը հպարտության և երախտագիտության հատուկ զգացումով ենք հիշում մեր հայրերի ու պապերի սխրանքները, ովքեր ուս ուսի տված արիաբար պայքարեցին թշնամու դեմ:
 
«Այսօր մեր բարոյական պարտքն է խնամքով պահպանել և գալիք սերունդներին փոխանցել այդ տարիների իրադարձությունների մասին հիշողությունը: Պետք է միասին վճռականորեն պայքարենք պատմությունը խեղաթյուրելու և կեղծելու, Մեծ Հայրենական պատերազմի արդյունքները վերանայելու, նացիստների սարսափելի հրեշավորություններն արդարացնելու ցանկացած փորձի դեմ»,- նշել է Պուտինը:
 
ՌԴ նախագահը համոզմունք է հայտնել, որ եղբայրական բարեկամության և փոխօգնության ավանդույթները, որոնք ամրացել են պատերազմական տարիներին, եղել են և շարունակում են մնալ հիմք երկրների միջև կառուցողական, բարիդրացիական հարաբերությունների կառուցման և զարգացման համար:
 
Պուտինն իր անկեղծ երախտագիտության խոսքն է հղել  հայրենական պատերազմի վետերաններին՝ մաղթելով քաջառողջություն, բարօրություն, երկարակեցություն:
 
Կրեմլի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանից բացի շնորհավորական ուղերձներ են հղվել նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի առաջնորդներին և քաղաքացիներին, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը