Գործոն, որը կարող է խառնել բոլորի ծրագրերը. Հայաստանի շանսը


Գործոն, որը կարող է խառնել բոլորի ծրագրերը. Հայաստանի շանսը

  • 10-05-2021 21:00:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Հայաստանում աստիճանաբար սկսում է պարզվել քաղաքական պղտորությունը, բացվում են ընտրություններում դերակատարների դեմքերը։ Արդեն ձեւավորվել են հիմնական դաշինքները, եւ դատելով քաղտեխնոլոգների «քառակուսիությունից», կարելի է ենթադրել, որ Հայաստանում կիրառվելու են «արտաքին կառավարման» տեխնոլոգիաներ։ Կարող են տարբեր կոնֆիգուրացիաներ լինել, այդ թվում՝ կարող է ստեղծվել վիճակ, երբ չի հաջողվի ձեւավորել կոալիցիոն կառավարություն, եւ ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի։ Եվ այդպես շարունակ:
 
Կա սակայն մի գործոն, որը կարող է խառնել բոլորի ծրագրերը։ Դա բնակչության գրեթե երկու երրորդն է, որը, համաձայն հարցումների, չի աջակցում ոչ մեկին։ Նրանք, ովքեր չեն ուզում իշխանության տեսնել Փաշինյանին, որի քաղաքականությունը հնարավոր է դարձրել աղետը։ Հիմա այդ քաղաքականությունը հանգում է նրան, որ «եկեք բացենք հաղորդակցությունները, մեղր վաճառենք, շնորհակալություն Պուտինին, մեղավոր են նախկինները, մենք սահմանները պաշտպանելու ուժ չունենք եւ պետք է անվտանգությունը հանձնենք ռուսներին, թուրքը թշնամի է, բայց պետք է կառավարել թշնամությունը, մենք կյանքի ենք կոչում եռակողմ համաձայնագիրը, Արցախը ճանաչելու ժամանակը չէ»։ Այս քաղաքականությունը բերել է Հայաստանի ինքնիշխանության եւ սուբյեկտության զգալի կորստի։ Մարդիկ զգում են դա, անգամ եթե բարձրաձայն չեն ասում։
 
Մյուս բեւեռը՝ Քոչարյանը, ՀՅԴ-ն եւ Սյունիքի կուսակցությունը, երեկ հայտարարեցին իրենց առաջնահերթությունների մասին, եւ առանցքային էր «մենք հասնելու ենք արժանապատիվ խաղաղության» արտահայտությունը։ Դժվար է ասել, թե ինչ նկատի ունեն, բայց ակնհայտորեն ոչ եռակողմ համաձայնագրի վերանայումը, Արցախի ճանաչումը, ռուս-թուրքական ծրագրերին դիմադրությունը։ Զուր չէ, որ Սերգեյ Լավրովի Երեւանի այցից եւ ցինիկ հայտարարություններից հետո այսպես կոչված կուսակցություններից ոչ մեկը չվրդովվեց։ «Առաջընթաց» էր այն, որ այս անգամ գոնե չարդարացրին Լավրովին։
 
Հայաստանի բնակչության 70 տոկոսը, որը թունավորված չէ քարոզչական աղբով, քաղաքական գործիչներից այլ բառեր է ակնկալում։ Ռացիոնալ մտածող, իրավիճակը սթափ գնահատող մարդիկ, որոնք չեն ենթարկվում քաղաքական թրոլինգի, մեկ բառ են ակնկալում՝ «դիմադրություն», եւ ընտրությանը կարող են իրավիճակ փոխել։
 
Դիմադրության բացակայությունը սեփական իրավունքներից հրաժարվելն է, իսկ իրավունքը զենք է, որը ոչ ոք չի կարող խլել, եթե այն կամավոր չհանձնես։ Լավրովը Երեւանում այդպես էլ ասաց՝ կամավոր բացեք «թյուրքական միջանցքը», որովհետեւ ուժով հնարավոր չէ ստիպել դա։
 
Հայաստանին պետք է դիմադրություն իրավունքի հիման վրա, ինչպես եղել է 1988 թվականին, երբ մարդիկ գիտակցեցին իրենց իրավունքը, այն զենք դարձրին եւ կարողացան պահել իրենց հողը»։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play