15 տարի, 1300 վերապատրաստված բժիշկ Հայաստանում ու Արցախում


15 տարի, 1300 վերապատրաստված բժիշկ Հայաստանում ու Արցախում

  • 10-05-2021 18:05:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2005 թվականից մինչ օրս՝ վերապատրաստված 1300 բժշիկներ՝ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Շարունակական բժշկական կրթություն» (ՇԲԿ) ծրագրի շնորհիվ, որի 15-ամյակին նվիրված միջոցառումը տեղի է ունեցել մայիսի 8-ին Առողջապահության նախարարության Հանրապետական գիտաբժշկական գրադարանում: Այս մասին տեղեկանում ենք Հայ օգնության ֆոնդից:
 
Հայաստանի մարզերի և Արցախի բուժհաստատություններում աշխատող բժիշկներին Երևանում գործնական մասնագիտական երկշաբաթյա և չորսշաբաթյա անվճար վերապատրաստման դասընթացներին մասնակցելու հնարավորություն տվող ծրագիրը նախաձեռնել է ՀՕՖ-ի բժշկական շրջանավարտների միությունը, հավանության արժանացրել ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի հիմնադիր պրոֆեսոր Էդգար Հովսեփյանը։ Առ այսօր ծրագրին մասնակցելու հնարավորություն են ունեցել 1300 բժիշկներ ՀՀ մարզերից ու Արցախի Հանրապետությունից, որոնց 10%-ը մի քանի անգամ է վերապատրաստվել՝ արդիականացնելով իրենց գիտելիքները և նոր մոտեցումներ ցուցաբերելով համայնքներում առկա առողջապահական խնդիրներին։  
 
«Ծրագիրը, որն ի սկզբանե շատ էր ոգևորել դոկտոր Էդգար Հովսեփյանին, ծնվեց այստեղ, եկավ Նյու Յորք, իր «հովանավորությունը» ստացավ, եկավ այստեղ ու շարունակվեց։ Ես կասեի, որ բժիշկները շատ նման են բարերարներին, սակայն եթե բարերարը նվիրատվություն է անում, ու դու կարող ես հանգիստ հաշվել ու գրանցել, բժշկի բարերարությունը շատ հաճախ հնարավոր չէ չափել, բայց հաճախ շատ ավելի մեծ է, քան չչափվող որևէ բան։ Այնպես որ ես ուղղակի խոնարհվում եմ ձեր բոլորի առջև», - միջոցառմանը ողջույնի իր խոսքում ասել է ՀՕՖ-ի գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանը։ 
 
ՀՕՖ-ի և Ամերիկահայ բժիշկների միության հետ կուռ համագործակցության արդյունքում, 2011-ից ծրագրում ընդգրկվել են նաև Արցախի բժիշկները, մի քանի տասնյակ մարզային հիվանդանոցներ համալրվել են բժշկական սարքավորումներով, կազմակերպվել են գիտական ու մասնագիտական դասընթացներ, ստեղծվել է մարզային բժիշկների արդյունավետ գործող ցանց:
 
«Այս ծրագրի միջոցով մենք կարողացանք առաջ տանել «հետ վերադարձնելու» մշակույթը, որը շատ կարևոր է, ինչպես նաև կարողացանք արդյունավետ օգտագործել դրսում վերապատրաստված ու Հայաստան եկած բժիշկների ռեսուրսները։ Այսօր ես միանշանակ ու պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ծրագրի թիվ մեկ հաջողությունը պայմանավորված է կամավոր դասընթացավարներով, այն մարդկանցով, որոնք առաջին օրվանից հավատացին այս ծրագրի հաջողությանը ու մտան գործունեության մեջ, որի շնորհիվ էլ օրեցօր մեծացավ մեր բանակը ու ձևավորեց այդ ամուր ցանցը», - ասել է ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը, որը միջոցառման ընթացքում հատուկ շնորհակալագիր է ստացել ՀՀ առողջապահական համակարգում անգնահատելի ներդրում ունենալու համար։ 
 
ՀՀ մարզերի ու Արցախի առողջապահության ոլորտի համաչափ զարգացմանը մեծապես նպաստող ՀՕՖ-ի նախաձեռնած ՇԲԿ ծրագիրը 2017-ին հավատարմագրվել է Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից, ինչը նշանակում է, որ վերապատրաստում անցած մարզային բժիշկները ստանում են Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներով վկայականներ՝ ընդհանուր առմամբ 93 կրեդիտ։   
 
ՇԲԿ ծրագրի 15-ամյակը ամփոփող միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև տարբեր զեկույցներ ինչպես արդի բժշկագիտական թեմաների, այնպես էլ անհետաձգելի բժշկական ծառայությունների վերաբերյալ, մասնավորապես՝ Գևորգ Յաղջյանի՝ «Մենթորությունը առողջապահական համակարգում» և Շերոն Չեքիջյանի՝ «Անհետաձգելի բժշկական ծառայության կազմակերպումը․ Yale համալսարանական կլինիկայի փորձը» դասախոսությունները։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն