ԱԺ փոխնախագահն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի դեսպանին


ԱԺ փոխնախագահն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

  • 11-05-2021 16:05:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մայիսի 11-ին հանդիպեց ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կալին Վասիլեւ Անաստասովի հետ:
 
Կողմերը կարեւորեցին հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների խորացումը, միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը, առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը: Անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Խոսելով ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմի մասին՝ ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ կարճ ժամանակում տարածաշրջանում կլինեն դրական փոփոխություններ, եւ խաղաղություն կհաստատվի: Բուլղարիայի դեսպանն իր հերթին վստահեցրեց, որ իրենք հետեւում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին՝ հույս հայտնելով, որ երկխոսությունը կշարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:
 
Վահե Էնֆիաջյանը բարձրացրեց Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու հոգեւոր կոթողների պահպանության հարցը: Նա այս առումով կարեւորեց միջազգային հանրության եւ բարեկամ երկրների ընդգծված վերաբերմունքը եւ գործուն քայլերը: Դեսպան Կալին Վասիլեւ Անաստասովը հույս հայտնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդիրներն արդարացի լուծում կստանան:
 
Դեսպանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները: Նա հատկապես ընդգծեց Բուլղարիայի հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում:
 
Զրուցակիցները փաստեցին գյուղատնտեսության, նորագույն տեխնոլոգիաների, տրանսպորտի ոլորտներում համագործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Կողմերն ընդգծեցին երկկողմ ապրանքաշրջանառության ցածր մակարդակը՝ փաստելով, որ չօգտագործված մեծ ներուժ կա:
 
ՀՀ ԱԺ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն