Կոնգրեսական Սմիթը կոչ է արել 50 մլն ԱՄՆ դոլարի օգնություն ցուցաբերել ԼՂ-ին


Կոնգրեսական Սմիթը կոչ է արել 50 մլն ԱՄՆ դոլարի օգնություն ցուցաբերել ԼՂ-ին

  • 11-05-2021 18:41:17   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Սմիթը հորդորում է 50 մլն ԱՄՆ դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղի անվտանգային, բնակարանային, բուժօգնության, ենթակառուցվածքների և այլ կարիքների համար, փոխանցում է «Ամերիկայի Ձայնը»: 
 
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարներին ուղղված նամակում կոնգրեսական Սմիթը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված հարձակումների հետևանքով, որոնց լայնորեն աջակցում էր Թուրքիան, Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդիկ մահացան և վիրավորվեցին, հազարավոր մարդիկ մնացին անօթևան, ոչնչացվեցին կենսական ենթակառուցվածքներ: Նա ընդգծել է, որ առնվազն 50 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է անհրաժեշտ տրամադրել Լեռնային Ղարաբաղին սննդի անվտանգության, բնակարանների, բուժօգնության ապահովման և ենթակառուցվածքների վերականգնման նպատակով:
 
Կոնգրեսականը դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների Ադրբեջան տեղափոխելու և նրանց հայերի դեմ կռվում օգտագործելու փաստը՝ ընդգծելով, որ պետքարտուղարությունը համապատասխան գնահատական պետք է տա ԼՂ-ի դեմ թուրքական կողմի գործողություններին:
 
Նա նաև հորդորել է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, որը սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը