ԵՊՀ-ում տեղի է ունեցել «Թալիշերեն բայերի բառարանի» առաջին հատորի շնորհանդեսը


ԵՊՀ-ում տեղի է ունեցել «Թալիշերեն բայերի բառարանի» առաջին հատորի շնորհանդեսը

  • 11-05-2021 17:11:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԵՊՀ իրանագիտության ամբիոնում այսօր տեղի է ունեցել նույն ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի և իրանցի թալիշ գործընկերների համահեղինակությամբ Իրանում լույս տեսած «Թալիշերենի բայերի բառարանի» առաջին հատորի շնորհանդեսը, տեղեկանում ենք ԵՊՀ լրատվական բաժնից:
 
Շնորհանդեսի բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ, Իրանից ժամանած հյուրեր:
 
 Շնորհանդեսի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ հայ-իրանական համատեղ ջանքերով լույս է տեսել «Թալիշերենի բայերի բառարանի» առաջին հատորը, որն ընդգրկում է հարավթալիշական բարբառները: 
 
Վարդան Ոսկանյանի խոսքով, հատկանշական է այն, որ այս հնագույն իրանական լեզուն սերտ հարաբերություններ և շփումներ է ունեցել հայերենի հետ:
 
«Ցավոք սրտի, պատմական տվյալները մեզ թույլ չեն տալիս խոսել հայ-թալիշական կապերի մասին, դրա վերաբերյալ մենք պատմական սկզբնաղբյուրներ չունենք, բայց ինչպես ասում են՝ լեզուն ժողովրդի պատմության հայելին է, և հենց թալիշերենն է, որը մեզ թույլ է տալիս խոսել հայերի և թալիշների հազարամյա շփումների մասին՝ հաշվի առնելով այն, որ թալիշերենում առկա են հայերենից փոխառություններ»,- փաստեց Վարդան Ոսկանյանը:
 
Նրա պնդմամբ, թալիշերենն այն հայելին է, որը ցույց է տալիս պատմական այն ժամանակաշրջանը, երբ երկու ժողովուրդները շփվել են միմյանց հետ՝ փոխանակելով նաև մշակութային տարրեր և լեզվական տվյալներ, ու այս համատեքստում թալիշագիտությունը կարևոր ուղղություն է:
 
 Այնուհետև Վարդան Ոսկանյանը ելույթում անդրադարձավ ԵՊՀ-ում թալիշագիտության պատմությանը՝ ուրախությամբ նշելով, որ այն դառնում է պատմական ավանդույթ:
 
«Թալիշ ցեղանվան առաջին հիշատակությունը հանդիպում է 5-րդ դարում հունարենից հայերեն թարգմանված «Պատմություն Աղեքսանդրի Մակեդոնացվո» վեպում,- փաստեց Վարդան Ոսկանյանը,- եթե նույնիսկ հաշվի առնենք, որ հետագայում արտագրողներն են այդ բառը մուտքագրել 5-րդ դարի տեքստ, այդուհանդերձ սա շատ կարևոր տվյալ է»:
 
Գիտական թալիշագիտությունը, ըստ ամբիոնի վարիչի, Հայաստանում սկիզբ է առնում 2000-ականների սկզբից՝ արձանագրելով, որ շուրջ 20 տարի է, ինչ ԵՊՀ-ն՝ որպես թալիշագիտության միակ կենտրոն, զբաղվում է թալիշագիտության տարբեր խնդիրներով:
 
«Այսօր, որպես ավետիս, կարող եմ հայտնել, որ մեր երկարատև ջանքերն ի վերջո արդյունք տվեցին, և այս տարվանից ամբիոնի շրջանակում գործելու են «Քրդագիտություն» և «Թալիշագիտություն» մագիստրոսական ծրագրերը»,- ասաց Վարդան Ոսկանյանը:
 
Թալիշագիտական առաջին միջազգային գիտաժողովը ԵՊՀ իրանագիտության ամբիոնին  հնարավորություն տվեց ազդարարելու, որ Հայաստանը դառնում է թալիշագիտական կարևոր կենտրոն:
 
Ըստ Վարդան Ոսկանյանի՝ թալիշերենի ուսումնասիրությունն արդիական է ոչ միայն  տեսական, այլև կիրառական տեսանկյունից:
 Հաշվի առնելով այն, որ այս ժողովուրդը, ըստ էության, Ադրբեջանական Հանրապետությունում  վտանգված ժողովուրդ է, իսկ թալիշերենը՝ վտանգված լեզու, ԵՊՀ-ում թալիշագիտական ուսումնասիրություններն այդ առումով փարոս են թալիշ ժողովրդի համար:
«Ի տարբերություն Ադրբեջանական Հանրապետությունում բնակվող թալիշների՝ Իրանի թալիշներն օգտվում են սեփական լեզուն, մշակույթն ու պատմությունն ուսումնասիրելու, ներկայացնելու բոլոր հնարավորություններից, այս ամենի առհավատչյան է այսօր հրատարակված գիրքը, որը տպագրվել է Իրանում»,- ասաց Վարդան Ոսկանյանը:
 
Նա համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանում նմանօրինակ գրքերի հրատարակությունը  պարզապես անհնարին կլիներ:
«Այս համատեքստում մենք ունենք մշակութային գերտերություն՝ ի դեմս Իրանի, որը զբաղվում է իր տարածքում բնակվող բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև հայերի, լեզուների և մշակույթի պահպանությամբ ու լավագույնս ներկայացմամբ,- ասաց Վարդան Ոսկանյանը,- և  հենց այստեղ է, որ մենք ունենք լայն համագործակցություն իրանական գիտական կենտրոնների թեմաների շուրջ, որոնք շատ կարևոր են նաև մեզ՝ հայերիս համար»:
 
Վարդան Ոսկանյանը ներկայացրեց Գիլանի համալսարանի իրանագիտական բաժնի ղեկավար Աբբաս Փանահիին՝ մասնագետի, որը տարիներ շարունակ իր ջանքերն ու եռանդը ներդրել է Իրանի հյուսիսային նահանգի ժողովուրդների, այդ թվում նաև հայերի մշակույթի և պատմության ուսումնասիրության ոլորտում:
 
Աբբաս Փանահին շնորհակալություն հայտնեց Իրանագիտության ամբիոնի հետ ունեցած համագործակցության համար, որը, նրա հավաստմամբ, կարևոր իրանագիտական կենտրոններից է մեր տարածաշրջանում:
 
Ներկայացնելով Գիլանի համալսարանը՝ վերջինս նշեց, որ այնտեղ դասավանդվում են այդ նահանգում բնակվող երեք հիմնական ժողովուրդների՝ թալիշների, գիլանցիների և մազանդարանցիների լեզուները, մշակույթն ու պատմությունը:
 
Նրա խոսքով, թալիշերենի ուսումնասիրությունը կարևոր տեղ ունի համալսարանի գիտակրթական գործունեության մեջ՝ ոլորտում իրականացնելով բազմաթիվ ծրագրեր և գիտաժողովներ:
 
«Բացի դրանից՝ թալիշերենն առաջին իրանական լեզուներից է, որի համար դպրոցներում պարտադիր դասավանդման ծրագիր է մշակվել»,- հավելեց Աբբաս Փանահին:
 
Անդրադառնալով ԵՊՀ իրանագիտության ամբիոնի հետ համագործակցությանը, որտեղ ոչ միայն թալիշերենը, այլև իրանագիտության այլ հարցեր խորքային ուսումնասիրության են ենթարկվում, վերջինս նշեց, որ իրենք շատ հպարտ են, որ բարեկամ Հայաստանը նմանօրինակ ուշադրություն է դարձնում իրանագիտության խնդիրներին:
 
Շնորհանդեսի երկրորդ մասում Իրանից ժամանած հյուրերը զեկուցումներով հանդես եկան, որոնք նվիրված էին իրանագիտության տարբեր խնդիրներին:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն