Ալիևի հայատյացություն պարունակող ելույթները Հայաստանի ՄԻՊ-ը ուղարկել է ՄԱԿ, ԵԽ և միջազգային մի շարք այլ մարմինների


Ալիևի հայատյացություն պարունակող ելույթները Հայաստանի ՄԻՊ-ը ուղարկել է ՄԱԿ, ԵԽ և միջազգային մի շարք այլ մարմինների

  • 11-05-2021 17:43:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ադրբեջանի նախագահի այն ելույթները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են, Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնական նամակով ուղարկել է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի  Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային մի շարք այլ մարմինների: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից: 
 
Այս անգամ խոսքը վերաբերում է Ադրբեջանի նախագահի 2021թ. ապրիլ ամսվա ելույթներին:
 
Ուղարկված ելույթներում Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են, լարվածություն են առաջացնում հայկական հասարակությունում, և իր ելույթներով նա ընդգծում է ադրբեջանական ժողովրդի առավելությունները:
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած այս գործընթացը լինելու է շարունակական. Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձները ենթարկվում են հատուկ մոնիթորինգի:
 
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նպատակն է ցույց տալ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան բնույթի քաղաքականությունը, որը մարդու իրավունքների կոպիտ խախտումների պատճառ է, նոր դաժանությունների լուրջ սպառնալիք և վտանգում է խաղաղությունն ու անվտանգությունը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն