Առհասարակ՝ Հայաստանն այլևս չունի որևէ անվտանգ տարածք. ԱԺ պատգամավոր


Առհասարակ՝ Հայաստանն այլևս չունի որևէ անվտանգ տարածք. ԱԺ պատգամավոր

  • 12-05-2021 14:02:30   | Հայաստան  |  Քաղաքական

Իրականում ոչ թե պետք է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների վերադարձի հարցում, այլ հստակ պահանջ ներկայացնել, որ այն հարցերը, որի շուրջ համաձայնության են եկել երեք կողմերը, իրականացվի շատ արագ և սեղմ ժամկետներում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
 
«Նոյյան Տապան»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նա ասաց, որ դրա երեշխիքն առաջին հերթին ռուսական կողմն է, որը , կարծես թե, չպետք է թերանա, և այլևս ոչ թե մեզանից պետք է  պահանջներ ունենա, որովհետև մենք բոլոր պահանջները կատարել ենք և ավելին, այլ ադրբեջանական կողմից, որը, ինչպես խախտել է պայմանավորվածությունները նախկինում, այնպես էլ անում է հիմա:
 
«Ադրբեջանը համառ պնդում է միայն իր սեփական շահերից բխող պահանջները և անտեսում է բոլոր տեսակի ճնշումները: Կարծում եմ՝ միջազգային հանրությունը ևս  պետք է հստակ վերաբերմունք ցույց տա Ադրբեջանին և արտահայտի իր դիրքորոշումը, քանի որ Ադրբեջանը օգտվում է միջազգային ֆինանսավորումներից, բայց անտեսում է վերջինիս բոլոր պահանջները»,- ասաց նա։
 
Պատհամավորը նկատեց, որ Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր ագրեսիվ մոտեցումներն նույնիսկ Սյունիքի հարցում. «Մենք դա պետք է որպես մարտահրավեր ընդունենք, ոչ թե սպասենք, որ հերթական անգամ վախի մթնոլորտ առաջացնեն։ Բայց ցավալի է, որ մեր կողմից դեռ լռություն է, հակադարձում չկա, անգամ միջազգային կառույցների ուշադրությունն այս հարցին չի սևեռվում, թեև Ադրբեջանն արդեն վտանգ է հանդիսանում ՀՀ սահմանի համար։ Փաստացի մենք պետք է պատրաստվենք այն ամենին, ինչը որպես մարտահրավեր Ադրբեջանը նետելու է, և դիմակայենք, այլ տարբերակ չի մնացել։
 
Սյունիքում, Վայոց Ձորում, Տավուշում և Վարդենիսում անվտանգ չէ, և առհասարակ՝ Հայաստանն այլևս չունի որևէ անվտանգ տարածք։ Եվ եթե մենք խաբում ենք շիրակցուն, թե Սյունիքում անվտանգ է, ապա սյունեցուն չենք կարող խաբել։ Ուստի ավելի ճիշտ կլինի, որ լռեն ու գործ անեն, ոչ թե կեղծ ինֆորմացիա տարածեն, թե Սյունիքում անվտանգ է»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական