Ամեն տարի մայիսի 12-ը աշխարհում նշվում է` որպես Բուժքույրերի միջազգային օր


Ամեն տարի մայիսի 12-ը աշխարհում նշվում է` որպես Բուժքույրերի միջազգային օր

  • 12-05-2021 15:32:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Պաշտոնապես այս տոնը նշվում է 1974 թվականից, երբ աշխարհի 141 երկրների գթության քույրերը միավորվել են մեկ հասարակական մասնագիտացված կազմակերպության` Բուժքույրերի միջազգային խորհրդի կազմում:
 
Գործելով անհատապես, նաև որպես թիմի անդամ, բուժքույրերը նպաստում են համայնքներում մարդակենտրոն և ծախս-արդյունավետ բժշկական ծառայությունների տրամադրմանը: Համայնքներում բուժքույրերն արդյունավետ աշխատուժ են երեխաների, կանանց, տղամարդկանց, ինչպես նաև ծերացող բնակչության առողջության պահպանման և բարեկեցության հարցում, տրամադրում են առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային բազմազան ծառայություններ, ներառյալ` հիվանդությունների կանխարգելում, բնակչության իրազեկում, քրոնիկ հիվանդներին խնամքի ապահովում,   շտապօգնության ծառայությունների և պալիատիվ խնամքի ապահովում:  
 
Հարկ է նշել, որ բուժքույրերն առանցքային դեր ունեն նաև համայնքներում արտակարգ իրավիճակների ռիսկերի նվազեցման, արտակարգ իրավիճակներին պատրաստվելու և արձագանքելու հարցերում, ներառյալ` վնասվածքների ժամանակ առաջին օգնության, վերականգնողական խնամքի տրամադրումը և հոգեբանական աջակցությունը:
 
Օրը առիթ է երախտիքի խոսքեր ուղղելու բոլոր այն բուժքույրերին, ովքեր մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ կատարում են իրենց մասնագիտական պարտքը։  Անգնահատելի է նրանց դերն առողջապահության ոլորտում,  հատկապես վերջին 15 ամսվա ընթացքում կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում:
 
Գթասրտության և հոգատարության ներքո բուժքույրն իր մասնագիտական առաքելությունն է իրականացնում: Թերևս ոչ մի բժիշկ չի կարող պատկերացնել իր աշխատանքն առանց բուժքրոջ մասնակցության:
 
Շնորհավորում ենք բուժքույրերին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում  խաղաղ երկինք ու քաջառողջություն:
 
ՀՀ ԱՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն