Լավրովի հայտարարություններից հետո սադրանքը երկար սպասեցնել չտվեց
12-05-2021 17:40:47 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am-ը գրում է. «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երեւան եւ Բաքու այցերից ու Պուտինին Ալիեւի գանգատներից անմիջապես հետո թուրքերը սադրանքի դիմեցին ՀՀ Սյունիքի մարզի սահմաններին, առաջ տալով իրենց դիրքերը մեր տարածքում: Դատելով տեղից ստացված տեղեկություններից, դա նման է զինված հարձակման:
Հիշեցնենք, որ Լավրովը Բաքվում երաշխիքներ է տվել հայկական կողմից «զինված բաղադրիչը բացառելու» եւ սահմանները որոշելու մասին, միաժամանակ ակնարկելով, որ հայ գերիների վերադարձը եւ եռակողմ հայտարարության այլ կետերը կկատարվեն համաժամանակ՝ երբ Հայաստանը «կամավոր բացի» միջանցքը Հայաստանի հարավում: Ալիեւն իր նյարդային հարցազրույցում նույնպես խոսում էր «թյուրքական աշխարհը» միավորող միջանցքի մասին, եւ սպառնում, որ եթե հայերը կամավոր չբացեն, դա կանի ուժով:
Ինչպես այլ դեպքերում, նկատելի է նույնությունը: Հայաստանում կան տեսակետներ, թե ռուսներն ու թուրքերը տարաձայնություններ ունեն այդ միջանցքի հարցում, նույնիսկ շատերը պնդում են, որ ռուսները դա չեն ուզում, չնայած Լավրովի եւ ՌԴ այլ բարձրագույն պաշտոնյաների հայտարարություններին: Եթե նույնիսկ տարաձայնություններ էլ կան, ապա դրանք նույն շարքից են, ինչ Արցախում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի պարագայում. խոսքն ընդամենը տարբեր կետեր, այդ թվում տեղակայման վայրը ճշտելու մասին էր: Նույնն է Հայաստանի հարավի դեպքում:
Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է Սյունիքի մարզում Ռուսաստանի հետ «անվտանգության նոր համակարգ կառուցելու մասին»: Իսկ վերջերս էլ մարզ կատարած այցի ժամանակ հայտարարել էր. «Մի իրավիճակում, երբ մեր պաշտպանական կարողությունները բավարար և պատշաճ չէին, որոշում է կայացվել՝ Սյունիքի սահմանագիծը համապատասխանեցնել Հավաքական անվտանգության պայմանագրի սահմանագծին, որպեսզի մենք այդտեղ կոլեկտիվ անվտանգության համակարգերը կարողանանք աշխատեցնել»:
Հիմա այդ համապատասխանեցո՞ւմն է գնում, եւ ո՞ւմ միջեւ: Եվ որ սահմանն է ՀԱՊԿ-ը ճանաչելու որպես իր պատասխանատվության գոտի: Դատելով Մոսկվա-Բաքու տանդեմի քայլերից, այդ հարցն էլ է որոշվելու այդ շրջանակում, իսկ Հայաստանի խամաճիկային կառավարությանը թողնված է «հիմնավորումներ» գտնելու գործը. դա միակ բանն է, որ քիչ թե շատ ստացվում է նրա մոտ:
ՀԱՊԿ-ը վաղուց հրաժարվել է իր պարտավարություններից եւ մտադիր էլ չէ ստանձնել դրանք նույնիսկ իր որոշելիք սահմաններում: Բաքվում դա գիտեն եւ ստացել են երաշխիքներ, այդ պատճառով տարբերություն չեն դնում «պատասխանատվության գոտիների» միջեւ:
Հայաստանի դեմ սադրանքներն ուժեղանալու են, դրանում պետք չէ կասկածել: Մոսկվան աննախադեպ, անկանոն պատերազմի համալիր մեթոդներ է կիրառում՝ Հայաստանի դեմ իր ծրագրերն իրականացնելու նպատակով: Թուրքերի այսօրվա սադրանքները Հայաստանի տարածքում այդ շարքից են:
Հայաստանում քաղաքական անհամարժեք «բանավեճերն» ընդամենը նպաստում են դրան: Ժամանակը քիչ է: Ունակ ուժերի համախմբում է անհրաժեշտ»: