Փաշինյանն ու Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել այսօր ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի շուրջ


Փաշինյանն ու Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել այսօր ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի շուրջ

  • 12-05-2021 17:59:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, տեղեկանում եքն ՀՀ կառավարությունից: 
 
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առանձնազրույցի շրջանակում Վրաստանի վարչապետի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և այդ համատեքստում մտքեր փոխանակել այսօր ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի շուրջ:
 
Երկուստեք ընդգծվել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմամբ, ինչը կարևոր է համագործակցության զարգացման համար: Այս առումով Նիկոլ Փաշինյանը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների խախտման փորձերը: 
 
Զրուցակիցները ևս մեկ անգամ գոհունակությամբ փաստել են հայ-վրացական հարաբերությունների դարավոր բարեկամական  բնույթը, որն ամուր հիմք է բարեկամության և փոխշահավետ գործակցության խորացման համար: 
 
Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական կապերի խթանման համատեքստում կարևորվել է տրանսպորտային կոմունիկացիաների, ներառյալ երկաթուղային ենթակառուցվածքների զարգացումը: Կողմերը հետաքրքրվածություն են հայտնել այս ուղղությամբ համատեղ նոր ծրագրեր նախաձեռնելու հարցում և պայմանավորվել ինտենսիվ աշխատել: Երկուստեք հեռանկարային է համարվել փոխգործակցության հնգակողմ՝ Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան-Իրան ձևաչափը և «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ ակտիվ աշխատանքը:
 
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել են նաև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների հարցին և փոխանակվել դրանց վերացման ուղղությամբ կատարվող քայլերի վերաբերյալ տեղեկատվությամբ: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն