Արցախում աճում է դիմադրությունը. երկու նշանակալի հաղթանակ


Արցախում աճում է դիմադրությունը. երկու նշանակալի հաղթանակ

  • 12-05-2021 21:15:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Արցախը արժանապատվորեն անցկացրեց Շուշիի ժամանակավոր կորստից հետո առաջին մայիսի 9-ը, եթե չհաշվենք օտարի հերոսների նկարներով ամոթալի քայլերթը։
 
Ասում են,  որ այս դիմանկարները Արցախ են բերվել անցյալ տարի, երբ Ստեփանակերտում «նոր իշխանության» հաստատումից հետո փորձեցին կազմակերպել «Անմահ գնդի» երթ: Այս տարի «երթը» կազմակերպել է ռուս լրագրող Պեգովը, ում համար 44-օրյա պատերազմի ընթացքում բաց էին բոլոր ճանապարհներն Արցախում։ Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում նա ասել է, որ ցանկանում էր այդ օրերին լինել Արցախում։ Ականատեսները պատմում են, որ երբ բաժանում  էին խորհրդային գեներալների դիմանկարները, հայ հերոսների դիմանկարները մնացել էին նստարանին:
 
Ո՞վ է Ստեփանակերտում կառավարում տեղական գեներալների և նախարարների «ուղեղներն ու մտքերը»։ Խոսում են գեներալ Ժմուրինի մասին, ով Արցախում  խաղում է հայտնի օրգանի դերը, որը ստեղծվել է շատ տարիներ առաջ Բեռլինի Վիլհելմշտրասսեում:  Տեղեկություն կա, որ առանց Ժմուրինի չի կայացվում ոչ մի որոշում և չի արվում ոչ մի հայտարարություն։ Մասնավորապես վախկոտ պաշտոնյաները, չսպասելով Ժմուրինի այցին, զբաղվում են «ինքնագրաքննությամբ»։ Ասում են, որ Ստեփանակերտ ժամանած ֆրանսիացիները ցանկանում էին ինչ-որ միջոցառում կազմակերպել, սակայն պաշտոնյաները համարեցին, որ դա դուր չի գա ռուսներին:
 
Փսի-գեներալների կոչմանը հավակնողների կացնային գործողությունները միայն հակառակ էֆեկտ են ունենում։ Այնպես, ինչպես 2014-ին «Ղրիմի ազատագրման» պատվին Ստեփանակերտում կազմակերպված համերգից հետո, որը հակառուսական տրամադրությունների պայթյուն առաջացրեց Հայաստանում:
 
Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմի հետևանքով առաջացած շոկը հետզհետե մարում է, և մարդիկ սկսում են սթափ գնահատել իրավիճակը և իրենք իրենց հարց են տալիս. ովքե՞ր են այս մարդիկ, ինչու՞ են նրանք ասում, թե մենք ինչ անենք: Ինչու են մեզ ասում, որ մեր զինվորականները պետք է քաղաքացիական հագուստով գնան դիրքեր, որպեսզի ինչ-որ մեկին «չնյարդայնացնեն»:
 
Արցախում աճում է դիմադրությունը և ըմբռնումը, որ Արցախին ահաբեկում են՝ պատերազմի և տոտալ օկուպացիայի սպառնալիքներով, որպեսզի ստիպեն անել գործողություններ, որոնք հակասում են մեր շահերին և իրավունքներին: Իրավունքի ուժը հաստատվեց Նժդեհի հուշարձանի պատմությամբ, երբ Արցախում ոմանք փորձում էին համոզել տեղափոխել արձանը ծածկի տակ, «որպեսզի ԱԹՍ-ների համար անտեսանելի լինի»։ Բայց մարդիկ պահպանեցին հուշարձանը։
 
Ղարաբաղյան ոգին չի անհետացել, հուշարձանը պաշտպանած մարտունեցիների սխրանքը, մայիսի 9-ին Ստեփանակերտում շքերթի չեղարկումը, որոնք դիմադրություն են հայերի դեմ հոգեբանական պատերազմին, կդառնան շրջադարձային պահ, որից կախված կլինի Արցախի կյանքի հետագա ընթացքը»։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը