Ռուսաստանից նոր սադրանքներ են սպասվում Հայաստանի դեմ


Ռուսաստանից նոր սադրանքներ են սպասվում Հայաստանի դեմ

  • 13-05-2021 13:18:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
lragir.am Հայաստանի Սյունիքի մարզում սադրանքը հետեւեց Երեւան եւ Բաքու Լավրովի այցերին եւ «Զանգեզուրի միջանցքի» սահմանից Ալիեւի հարցազրույցին։ Ալիեւը հեռախոսազրույց էր ունեցել Պուտինի հետ եւ այդ հարցազրույցում փաստացի շարադրում էր նրա հետ զրույցը։
 
Լավրովը Բաքվում հայտարարեց, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի հայկական կողմից «զինված բաղադրիչը բացառելու», սահմանների դժվար, սակայն լուծելի խնդիրները կարգավորելու համար, միաժամանակ ակնարկելով, որ հայ գերիների վերադարձը եւ եռակողմ հայտարարության այլ կետերը կկատարվեն համաժամանակ՝ երբ Հայաստանը «կամավոր բացի» միջանցքը Հայաստանի հարավում: Ալիեւն ասել էր, որ եթե հայերը չհամաձայնեն, միջանցքը կբացեն ուժով։
 
Լավրով-Ալիեւ հայտարարություններում նկատելի է ներդաշնակությունը եւ փոխկապակցվածությունը։ Ըստ ամենայնի, Լավրովին չէր հաջողվել Երեւանում համաձայնության հասնել միջանցքի շուրջ։ Ռուսական Կոմերսանտն, օրինակ, գրել էր, որ Լավրովի այցի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել միայն կենսալաբորատորիաների վերաբերյալ։ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ եռակողմ հայտարարության մեջ միջանցքի մասին խոսք չկա, հակառակ Ալիեւի պնդումների, միաժամանակ հայտարարում է, որ տրանսպորտային հաղորդակցությունները պետք է լինեն հայկական իրավասության ներքո։
 
Եվ ահա, այս ֆոնին թուրքերը Սյունիքի մարզում եւ այլ շրջանների ուղղությամբ առաջացրել են իրենց ռազմական հենակետերը։ Իրադարձությունների ժամանակագրությունը բավական հետաքրքիր է․ հայկական զլմ-ներում տարածվում է մարտերի եւ վիրավորների մասին տեղեկատվություն, ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հաստատում են թուրքերի առաջխաղացման փաստը, հերքելով զինված բախումները։ Հետո ռուսական տելեգրամ ալիքներից մեկը տեղեկություն է հրապարակում, որ հայ զինծառայողներին հրամայել են չկրակել, բայց ռուս զինվորականները արագ տեղ են հասել ու բանակցել թուրքերի հետ, որից հետո նրանք իբր նահանջել են։ Հայ իշխանության անգործության ու ռուսների «փրկչության» վերաբերյալ ակնարկեցին նաեւ տարբեր շրջանակներ։ Դա զուգորդվեց սովորական դարձած «թուրքերի պատվեր կատարող Նիկոլ» քարոզչությամբ։ Իմաստն այն է, որ Նիկոլն ուզում է միջանցքը տալ, բայց Ռուսաստանը չի ցանկանում:
 
Ավելի ուշ Հայաստանի ԱԳ եւ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի իրենց գործընկերների հետ։ Գումարվել է ՀՀ ԱԽ նիստ Սյունիքի իրադարձությունների վերաբերյալ, որում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր»։ Նա ասել է նաեւ, որ ադրբեջանցիների ներխուժումը չի զուգորդվել զենքի կիրառմամբ, թերեւս դրանով ցանկանալով բացատրել հայկական կողմից գործողությունների չդիմելու հանգամանքը։
 
Մյուս կողմից, եթե Բաքվի զինված ուժերը հատել են Հայաստանի տարածքը, դա արդեն ՌԴ եւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտին է։ Հասկանալի է, որ ոչ ՌԴ-ն, ոչ ՀԱՊԿ-ը որեւէ գործողությունների չեն դիմելու, քանի որ դա չի մտնում ռուս-թուրքական համաձայնությունների մեջ։ Այդ համաձայնություններից մեկը միջանցքի բացումն է եւ Հայաստան-Իրան սահմանի փակումը՝ ռուս-թուրքականին այլընտրանքային հյուսիս-հարավ տրանսպորտային ուղու արգելափակման նպատակով, որի համաժողովը տեղի էր ունեցել Երեւանում։
 
Ի՞նչ պետք է ասեն Լավրովն ու Շոյգուն իրենց հայ գործընկերներին՝ Ձեզ ասել ենք՝ կամավոր բացեք, եթե չբացեք, սադրանքները շարունակվելու են։ Ռուսաստանը ուժեղացրել է անկանոն պատերազմի մեթոդների կիրառումը Հայաստանի դեմ, մեծացնելով լարումը։ Հայաստանի կառավարությունը չունի անհրաժեշտ ինտելեկտուալ, քաղաքական ու կամային հատկանիշները այս ծրագրերին դիմակայելու համար։ Հայկական քաղաքական դասն ընդհանուր առմամբ իր պրիմիտիվ պատկերացումներով ու անհամարժեքությամբ խորացնում է Հայաստանի ծանր վիճակը։
 
Ռուսաստանը կանգ չի առնելու եւ ուժեղացնելու է գրոհը Հայաստանի դեմ, եւ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի նորանոր սադրանքների։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play