Ռուս-թուրքական համաձայնությունների ճակատագիրը կախվել է հայկական կողմի մեկ կրակոցից


Ռուս-թուրքական համաձայնությունների ճակատագիրը կախվել է հայկական կողմի մեկ կրակոցից

  • 13-05-2021 16:39:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Երեկ Սյունիքում կատարված իրադարձությունները բացահայտել են այն իրավիճակի փխրությունը, որում հայտնվել են ոչ միայն եւ ոչ այնքան հայերն, որքան Մոսկվան ու Բաքուն։ Այդ իրավիճակն առնվազն երկու մարկեր ունի․
 
Առաջին՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու ԱԱԾ-ն, մեկնաբանելով ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի տարածք, հերքել են ոչ թե ներխուժման փաստը, այլ մարտերը։ Անտանգության խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանը եւս հայտարարել է, որ դա եղել է ներխուժում Հայաստանի տարածք, սակայն առանց զենքի կիրառման։ Եվ Հայաստանը փորձելու է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով։
 
Երկրորդ՝ ռազմական բախում տեղի չի ունեցել, սակայն ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները շտապ զանգել էին իրենց ռուսաստանյան գործընկերներին, իսկ Նիկոլ Փաշինյանը գիշերը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։
 
Ինչո՞ւ Հայաստանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել եւ չի կրակել սահմանախախտների ուղղությամբ։ Պատճառը բացահայտել է անվտանգության եւ պաշտպանության հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը. նա ասել է, որ խնդիրը՝ չհասցնել նման միջադեպերը հրադադարի խախտման։ Մի մոռացեք, որ մեր այսօրվա ամենակարևոր առաքելությունը հրադադարի ռեժիմը պահելն է, ասել է նա, ավելացնելով, որ դա ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի խնդիրն է։
 
Հրադադարի ռեժիմ ասվածը եռակողմ հայտարարությունն է, որը ենթադրում է կրակի դադարեցում, եւ եթե հանկարծ պարզվեց, որ հրադադարը խախտվել է, ապա դա քանդելու է ոչ միայն եռակողմ հայտարարությունը, այլեւ խնամքով կառուցված ռուս-թուրքական ամբողջ սխեման։
 
Ահա թե ինչու Հայաստանը, ճանաչելով ներխուժման փաստը, պնդում է, որ հրադադարի, այսինքն՝ եռակողմ հայտարարության խախտում չի եղել։ Եվ Հայաստանը ոչ թե կրակում է ներխուժողների վրա, այլ զանգում է Մոսկվա։
 
Եթե հրադադարը խախտվի, հարցականի տակ են հայտնվելու եռակողմ հայտարարության բոլոր կետերը՝ եւ կոմունիկացիաների ապաշրջափակումը, եւ Շուշի-Հադրութ գծով ռուս-թուրքական «սահմանը», եւ ռուս-թուրքական կենտրոնն Ակնայում, եւ ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում։ Այդ համաձայնությունները պահվում են Հայաստանի դեմ շանտաժի եւ սպառնալիքների միջոցով:
 
Նոր պայմաններում, երբ ԱՄՆ եւ Ֆրանսիան հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը, Երեւանը պարտավոր է բանակցություններ սկսել՝ եռակողմ հայտատատությունն ուժը կորցնելու դեպքում միջազգային երաշխիքներ ստանալու համար։ Առավել եւս, որ այդ եռակողմ հայտարարության ճակատագիրը կախված է առաջին կրակոցից։ Հայաստանն այս անգամ որոշել է չհայտարարել արդեն իսկ չգործող եռակողմ հայտարարության չեղարկման մասին, սակայն Հայաստանի դեմ ագրեսիայի սաստկացման դեպքում դա տեղի է ունենալու ինքնաբերաբար։
 
Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունները կարող են եռակողմ հայտարարության վերջի սկիզբը դառնալ»։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play