Վտանգված է Սյունիքը, վտանգված է Հայաստանի Հանրապետությունը. «Զարթոնք»-ը հայտարարություն է տարածել


Վտանգված է Սյունիքը, վտանգված է Հայաստանի Հանրապետությունը. «Զարթոնք»-ը հայտարարություն է տարածել

  • 13-05-2021 18:08:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Զարթոնք» ազգային քրիստոնեական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Սյունիքում կատարվածի վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 
 
«Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը դիմել են նոր սադրանքի ու արդեն բացահայտ կերպով (մոտ 4կմ խորությամբ) ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ տեղի ունեցած լկտի ոտնձգության պայմաններում, իշխանության ներկայացուցիչները մայիսի 12-ի գրեթե ողջ օրվա ընթացքում փորձում էին թաքցնել իրականությունը՝ շարունակելով պատերազմի որդեգրած ապաշնորհ տեղեկատվական քաղաքականությունը։
Այս ծանր իրավիճակը հղի է լրջագույն հետևանքներով, ուստի կոչ ենք անում.
 
Հայաստանի գործող իշխանություններին.
1. Սեղմ ժամկետում ներդնել առավելագույն ջանքերը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար:
2. Օգտագործել ռազմաքաղաքական բոլոր միջոցները, ներառյալ թե հայ- ռուսական գործող ռազմաքաղաքական պայմանագրային հնարավորությունները, ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերով ամրագրված դրույթները, ՄԱԿ Անվտանգության խորհրդի գործիքակազմը՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու համար:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից հետայսու չթաքցնել տեղեկատվությունը՝ երկրի առաջ ծառացած լրջագույն հարցերի շուրջ, դադարեցնել մանիպուլացիոն քաղաքական շահարկումներն ու արշավները:
4. Հետայսու կանխել նման միջադեպերի կրկնությունն ու դադարեցնել անգործությունը պետության պաշտպանության հարցում:
Ադրբեջանական կողմի այս ցինիկ քայլի նպատակը հստակ է և իրավիճակի հանգուցալուծումից հետո, հարկ է պատասխանել կարևոր հարցի, թե ինչու՞ Հայաստանի զինված ուժերը չեն կանխել ադրբեջանցիների մուտքը ՀՀ տարածք և ի զորու չեն եղել իրականացնել ստեղծված իրավիճակից բխող համապատասխան գործողություններ: 
 
Գիտակցելով պահի լրջությունը՝ զերծ ենք մնում այլ քաղաքական գնահատականներից, քանզի տեղի ունեցածն ամրապնդում է այն մտայնությունը, որ օրվա իշխանությունների ուժերից վեր է ապահովել ՀՀ տարածքի անվտանգությունը:
 
Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ պատրաստ ենք ուժերի ներածին չափով մեր նպաստը բերել թե հարցի միջազգայնացմանը և Ադրբեջանի գործողություններին միջազգային իրավաքաղաքական գնահատական տալուն, իսկ հարկ եղած դեպքում՝ ամբողջությամբ լծվել մեր հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությանը»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play