Սյունիքում թուրքերի ներխուժումը հստակեցրեց եռյակի դիրքորոշումները. Ֆրանսիան փաստի առաջ կանգնեցրեց Ռուսաստանին

14-05-2021 10:36:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Lragir.am . Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է
, որ ադրբեջանական զորքը պետք է անհապաղ դուրս բերվի Հայաստանի ինքնիշխան տարածքից: Միեւնույն ժամանակ, Ելիսեյան պալատը հայտարարել է, որ իրավիճակը հնարավոր է կարգավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով։
 
Մինսկի խմբի մյուս համանախագահի՝ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ում ուշադիր հետևում են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի չսահմանազատված հատվածի շուրջ լարվածության աճի մասին տեղեկություններին, եւ կողմերին զսպվածության կոչ է արվում իրավիճակը խաղաղ ճանապարհով ապաէսկալացնելու համար:
 
Մինսկի խմբի երրորդ համանախագահը՝ եռակողմ հայտարարության հեղինակն ու պատասխանատուն՝ Ռուսաստանը, զբաղված է Բաքվի աճող պահանջներն ու քմահաճույքները բավարարելով ու երաշխիքներ տալով, որ հայերը ռազմական քայլերի չեն դիմի, որ միջանցքը անպայման կբացվի եւ այլն: Գլխավորը Մոսկվայի համար, որ եռակողմ կոչված փաստաթղթերը, այն է՝ Հայաստանի մասնատման ու ինքնիշխանության սահմանափակման ռուս-թուրքական համաձայնությունները, այն է՝ Կովկասում իր արդեն ամոթալի ներկայության երկարաձգումը, պահպանվեն:
 
Ուշագրավ պատկեր է ստացվում՝ Ֆրանսիան հանդես է գալիս Հայաստանի շահերի պաշտպանության դիրքերից, այդ թվում խորհրդարանի զույգ
պալատներում ընդունելով Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւեր, Ռուսաստանը հանդես է գալիս թուրքերի դիրքերից, որովհետեւ այն, ինչ կատարվում է, թուրքական շահերի բավարարումն է, իսկ ԱՄՆ-ն հանդես է գալիս «արբիտրի» դիրքերից, միաժամանակ նախագահի մակարդակով ճանաչելով Հայոց ցեղասպանությունը եւ Կոնգրեսում պահելով Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձեւը:
 
Մինչ Ֆրանսիայի ու ԱՄՆ գործադիր եւ խորհրդարանական կառույցներից հնչում են Բաքվի ագրեսիան դատապարտող հայտարարություններ, Ռուսաստանից ոչ մի նման արձագանք չկա: Ավելին, եթե Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում ընդունվում է ներխուժման եւ ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ոտնձգությունը, Մոսկվան դա համարում է միջադեպ, համաձայնվելով Բաքվի գնահատականին: Իսկ ՌԴ ԱԳՆ անկրկնելի խոսնակ Մարիա Զախարովան, ով, ասում են, վերջերս շատ է խմում, երկու օր է զբաղված է ադրբեջանցիների գովքով: Ըստ ամենայնի, իր երկրի արտաքին մառազմատիկ քաղաքականության խոսնակ լինելը ծանր գործ է, եթե մի քիչ մտածելու ունակություն ունես:
 
Իսկ այդ քաղաքականության արդյունքն այն է, որ հայերի հաշվին «Ադրբեջանը ստանալու եւ Թուրքիային ՆԱՏՕ-ից պոկելու» փոխարեն Ռուսաստանը կորցրել է ամեն ինչ, ստանալով արդեն իր դեմ էքսպանսիայի նոր ուղղություններ: Հնարավոր է՝ հենց դրան էլ ձգտում էր Կրեմլի դասական կլեպտոկրատական ռեժիմը, գերադասելով դառնալ թուրքական քաղաքականության սայլի 5-րդ անիվը, քան հավասարի պես լինել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ:
 
Իր հերթին, Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ ընդգծումը, որ իրավիճակը հնարավոր է կարգավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով, արձանագրում է, որ Ռուսաստանն ընդունակ չէ կամ չի ցանկանում կարգավորել իրավիճակը, կամ ցանկանում է կարգավորել կողմերից մեկի դեմ հարկադրանքի միջոցով: Սա փաստի առաջ է դնում Ռուսաստանին նաեւ այն առումով, որ Մոսկվան ձգտում է չեզոքացնել Մինսկի խմբին եւ խնդիրները կարգավորել սեպարատ ռեժիմում:
 
ՄԱԿ-ի ԱԽ-ում հարցի կարգավորման առաջարկն ուշագրավ է նաեւ այն առումով, որ 2020-ի հոկտեմբերին Արցախում պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ պատրաստված բանաձեւը տապալվել էր 5 մշտական անդամներից մեկի ջանքերով: Նախ կասկածները գնացին Մեծ Բրիտանիայի ուղղությամբ, սակայն այդ երկրի դեսպանի պաշտոնական հերքումից հետո մնաց Չինաստանը, որին էլ կարող էր խնդրել միայն Ռուսաստանը:
 
Այս իրադարձությունները հնարավորություն են Հայաստանի համար՝ դուրս գալ ռուս-թուրքական արյունոտ կաղապարից եւ դերակատարություն ստանձնել տարածաշրջանում՝ ապահովելով սեփական շահերն ու անվտանգությունը: Հայաստանի կառավարությունն ու քաղաքական դերակատարման հավակնություն ունեցող ուժերը ուղիղ պատասխանատվություն են կրում այս գուցե վերջին հնարավորության առումով: Այս հնարավորություններն օգտագործելու համար Հայաստանից նախաձեռնություններ ու պատրաստակամություն է անհրաժեշտ:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 808 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար