Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր երկրի սահմանները և արժանի հակահարված հասցնել ցանկացած ոտնձգության.«Բարձունք»


Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր երկրի սահմանները և արժանի հակահարված հասցնել ցանկացած ոտնձգության.«Բարձունք»

  • 14-05-2021 14:26:50   | ՀԱՀ  |  Քաղաքական

«Բարձունք» գիտակրթական ռազմավարական կենտրոն հասարակական կազմակերպությունը կոչ է անում ՀՀ ղեկավարությանը գործուն և ազդեցիկ միջոցներ ձեռնարկել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման և պահպանման հարցում։ Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր երկրի սահմանները և արժանի հակահարված հասցնել ցանկացած ոտնձգության։
Մայիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում իրականացված սադրանքների վերացման նպատակով պահանջում ենք ՀՀ կառավարությունից, Նախագահից և Ազգային Ժողովից՝
1․ Անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, Մինսկի խմբի համանախագահներին և այլ անվտանգային պարտավորություններ ստանձնած միջազգային կառույցներին որպեսզի նրանք գործի դնեն իրենց ունեցած լծակները և ստիպեն Ադրբեջանին դուրս բերել իր բանակային ստորաբաժանումները միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածքից ։
2․ Միջազգային բոլոր հարթակների օրակարգային հարց դարձնել հայ-ադրբեջանական սահմանային շրջանում անվտանգային գոտի ձևավորելու խնդիրը։ Այս գործի համար մոբիլիզացնել ողջ հայության դիվանագետների, միջազգայնագետների, իրավագետների ու իրավաբանների ներուժը և լծվել գործի։
3․ Անհապաղ սկսել համապատասխան ուղղություններով բանակային զորավարժությունների անցկացում, ի ցույց դնելով վճռականան մոտեցումներ սեփական տարածքներին տեր կանգնելու առումով։
4․ Ադրբեջանի իշխանություններին տալ 24 ժամ ՀՀ տարածքից իրենց ստորաբաժանումների դուրս բերման համար, հակառակ դեպքում իրականացնել նրանց դուրս մղման, կամ գերեվարման, կամ ոչնչացման համապատասխան մարտական գործողություններ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պարտավոր են կատարել իրենց առջև դրված խնդրները և ապահովել ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։ Անհրաժեշտության դեպքում «Բարձունք»-ը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում, համալրել համապատասխան կամավորական ստորաբաժանումները։
5․ Արագացված կարգով իրականացնել ողջ սահմանի ամրացման ինժեներական, տեխնիկական և մարտական համալիր գործողություններ։ Այս գործողությունների համար, անհրաժեշտության դեպքում, իրականացնել նաև կամավորների հավաքագրում։ «Բարձունք»-ը պատրաստ է ներդրում ունենալ կամավորական աշխատանքների համակարգման և իրականացման գործում։
6. Անհապաղ սկսել զորահավաքային ռեսուրսների մարտական պատրաստության ինտենսիվ և պարբերական մարզումներ։ «Բարձունք»-ը պատրաստ է իր համեստ ներդրումն ունենալ նաև այս ուղղությամբ։
Զիջողական և հարմարվողական քաղաքականությունը ավելի ու ավելի է գրգռելու Ադրբեջանի ղեկավարի ախորժակը, ով վերջապես պետք է հասկանա, որ իր նկրտումները կասեցվելու են, և որ Հայաստանի Հանրապետության հետ ուժի լեզվով խոսելը իր համար խնդիրներ է ստեղծելու։ Եթե Արցախի հարցում Հայաստանի Հանրապետության համար իր ողջ մարտական ներուժի կիրառման որոշակի սահմանափակումներ կային և առկա էին ռազմաքաղաքական ճկունություն դրսևորելու խնդիրեր, ապա այս իրավիճակում այդ սահմանափակումները այլևս չկան և Հայաստանը պարտավոր է արժանի հակահարված տալ թշնամուն։
Կոչ ենք անում նաև բոլոր քաղաքական և ոչ քաղաքական ուժերին, կառույցներին և անհատներին համախմբվել այս օրակարգի շուրջ և ոչ միայն միանալ այս պահանջին այլև լծվել դրա իրականացմանը։
Ուզո՞ւմ ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական