Ինչո՞ւ է գերկարևոր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Սյունիքում կատարվածի քննարկումը. բացատրում է իրավաբանը


Ինչո՞ւ է գերկարևոր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Սյունիքում կատարվածի քննարկումը. բացատրում է իրավաբանը

  • 14-05-2021 16:00:01   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Իրավաբան, ՄԱՀՀԻ փորձագետ Արտաշես Խալաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Արցախյան հարցի և Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ոտձգության հարցի քննարկումը, որն առաջարկում է Ֆրանսիան, Հայաստանի համար ունի գերկարևոր նշանակություն։
 
Ակնհայտ է, որ Ռուսաստանն այս խնդրում հանդես է գալիս Ադրբեջանի և Թուրքիայի շահերի սպասարկման դիրքերից և իրավիճակի հետագա պարփակումը ռուս-թուրքական սահմաններում ուղղակիորեն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
 
Հայաստանին օդի ու ջրի պես անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջամտությունը։
ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության տեղաբաշխումը, միայն ռուսական խաղաղապահների փոխարեն, կցեմենտի Հայաստանի անվտանգությունը և նախադրյալ կհանդիսանա Արցախի անվտանգային միջավայրի կտրուկ բարելավման համար։
 
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցի քննարկումը նաև լակմուսի թուղթ կդառնա Ռուսաստանի համար։ Եթե Ռուսաստանը վետո դնի հայանպաստ որոշման վրա կամ այլ կերպ խանգարի դրա ընդունմանը, դաշնակցից կվերածվի առնվազն ոչ բարեկամական երկրի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
 
Հայաստանի քաղաքական դասը շուրջ քառորդ դար կառչած է եղել Ռուսաստանի փեշից և իրեն զրկել իր անվտանգության համար այլընտրանքներ որոնելու հնարավորությունից։ Այսօր Հայաստանի շուրջ ձևավորվող ռեգիոնալ և գլոբալ միջավայրը շեշտակի արագությամբ փոխվում է և ստիպելու է Հայաստանին կայացնել ոչ ստանդարտ որոշումներ։ Հակառակ պարագայում շատ հնարավոր է, որ մեր փոխարեն՝ որոշումներ կայացնեն այլ պետություններ, որոնք շահագրգռված են Հայաստանի ամբողջականությամբ և լինելիությամբ։ Օրինակ՝ եթե Հայաստանը գործուն քայլեր չձեռնարկի Սյունիքի անվտանգության ապահովման ուղղությամբ և ընկրկի Սյունիքով "սուվերեն" միջանցքի վերաբերյալ ռուս-թուրքական պահանջների առջև, Իրանը կարող է ինքը ռազմական գործողություն ձեռնարկել Մեղրիի սահմանի պաշտպանության համար։
 
Հայաստանի վրա ներազդեցություն կունենա նաև Արևմուտքը, որը վերանայում է Մեծ Մերձավոր Արևելքում իր քաղաքականությունը և դաշնակիցներին՝ ի դեմս Թուրքիայի՝ այն հեռանկարում հավանաբար փոխարինելով Իրանով, ինչպես նաև Չինաստանը, որը "Մեկ գոտի մեկ ճանապարհ" աշխարհաքաղաքական ծրագրի շրջանակում մեծապես կարևորում է Հայաստանը՝ որպես հանգույց և Իրանը՝ որպես հենակետային պետություն և բազմամիլիոն ներդրումներ է կատարելու այդ երկրում։
 
Հայաստանին սպասում են բախտորոշ ժամանակներ։ Միֆերը փլվում են, դարավոր "փրկիչները" դառնում են նորօրյա օկուպանտներ և կոլաբորացիոնիստներ։ 
 
Եկել է փոփոխությունների ժամանակը»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն