Եթե ադրբեջանական կողմը բանակցություններով հետ չքաշվի, Հայաստանն ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունի. Մարուքյան


Եթե ադրբեջանական կողմը բանակցություններով հետ չքաշվի, Հայաստանն ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունի. Մարուքյան

  • 14-05-2021 15:19:27   | ՀԱՀ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սահմանային միջադեպի առնչությամբ հայկական կողմի ձեռնարկած միջոցներն այս պահին համարում է ճիշտ, կարծում է՝ եթե բանակցությունները արդյունք չտան, Հայաստանն ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այս մասին ասաց մայիսի 14-ին հրավիրված ասուլիսում:
 
«Ակնհայտ է, որ սա ճգնաժամային իրավիճակ է, ադրբեջանական կողմը, հատելով հայկական պետական սահմանը, խախտել է մեր պետության օրենսդրությունը, տարածքային ամբողջականությունը և հայտնվել մի տեղում, որտեղ չպետք է հայտնվեր»,-ասաց Մարուքյանը:
 
Ըստ նրա՝ այդ իմաստով հայկական կողմի գործողությունները կարող են լինել երկու ուղղությամբ: «Առաջինն այն էր, որ հենց ի սկզբանե հատելու ժամանակ փորձ արվեր կանխել և հարված հասցնել: Սակայն, իրավիճակն այնպիսին է, որ նրանք եկել այնտեղ, տեղակայվել են, նոր են հայտնաբերվել»,-ասաց Մարուքյանը:
 
Հայտնաբերելուց հետո սկսվել են բանակցություններ: «Ես կարծում եմ, որ հայկական կողմը լեգիտիմ իրավունք ունի, որ եթե բանակցությունների արդյունքում Ադրբեջանը չվերադառնա, ապա կիրառի իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ ուժ կիրառի: Սակայն, այս պահին եղած բանակցությունները և միջոցները, որոնք կիրառվում են, կարծում եմ՝ ճիշտ է, պետք է բոլոր միջոցները սպառել, նոր մնա ուժի միջոցը: Սակայն, հույս կա, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ կքաշվի»,-ասաց Մարուքյանը:
 
ԼՀԿ ղեկավարը շատ ճիշտ քայլ համարեց նաև ՀԱՊԿ-ին դիմելը՝ նշելով, որ ՀՀ սահմանում հասունանում է նոր էսկալացիա: Սա ԼՀԿ-ի համար ներքաղաքական բնույթի հարց չէ: «Մենք անվտանգության հարցն արտաքին թշնամու կողմից ստեղծված ճգնաժամը որևէ ձևով չենք օգտագործել ներքաղաքական նպատակներով և չենք օգտագործելու և նաև կոչ ենք անում մյուս բոլոր քաղաքական ուժերին անել նույնը: Եթե թշնամին ոտնձգություն է իրականացնում մեր սահմանների նկատմամբ, ապա այդ սահմանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանը չէ, այն Նիկոլ Փաշինյանի սահմանը չէ, դա ՀՀ սահմանն է, բոլորիս սահմանն է, և բոլորով մեկ մարդու պես պետք է կանգնենք ու այդ սահմանը պահենք, եթե բանակցելու գործ է, բանակցենք, եթե կռվելու գործ է, կռվենք»,-ասաց Մարուքյանը:
 
ԱԺ պատգամավորներն օգտագործում են նաև խորհրդարանական դիվանագիտության հարթակը՝ իրազեկելու, թե ինչ է տեղի ունենում:
 
Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:
 
Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը