ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել քարոզչական գովազդ իրականացնող պաստառների տեղադրման վերաբերյալ

14-05-2021 20:45:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է 2021 թվականի հունիսի 7-ից, սակայն հանրապետության մի շարք քաղաքներում և միջպետական ավտոճանապարհներին տեղադրված  արտաքին գովազդային վահանակներում տեղադրվել են 5 քառակուսի մետրը գերազանցող
մակերեսով քարոզչական կամ քաղաքական գովազդ իրականացնող պաստառներ, տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
 
ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառներ կարող են տեղադրվել միայն այն վահանակների վրա, որոնք վահանակները տնօրինող կազմակերպությունների կողմից նախապես տրամադրվել են ԿԸՀ-ին և ԿԸՀ-ն բաշխել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև: 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառ կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում: 
 
Նախընտրական քարոզչության անցկացման ժամանակահատվածում 5 քառակուսի մետրը գերազանցող այն քարոզչական պաստառները, ինչպես նաև նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված պաստառները, որոնք փակցված կլինեն ԿԸՀ-ի կողմից չհատկացված վահանակներում՝ անկախ այն հանգամանքից, թե ում կողմից են դրանք փակցվել, ենթակա են վերացման:
Մինչև 5 քառակուսի մետր մակերեսով՝ նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված պաստառները, տպագիր և այլ նյութերը ևս ենթակա են վերացման, եթե նշված պաստառների, տպագիր և այլ նյութերի ծախսերը սահմանված կարգով չեն ներառվում նախընտրական հիմնադրամում:
 
 Խախտմամբ փակցված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը հանում է համայնքի ղեկավարը, անհրաժեշտության դեպքում` ոստիկանության աջակցությամբ:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 84 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար