Անհապաղ դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին. ԱԴԿ հայտարարությունը


Անհապաղ դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին. ԱԴԿ հայտարարությունը

  • 14-05-2021 18:48:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ազատ Դեմոկրատներ Կուսակցությունը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, սավում է. 
 
«Նախօրեին Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումն ակնհայտ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների նկատմամբ և ՀՀ տարածքային ամբողջականության խախտում է:
 
Ակնհայտ է, որ տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումների և գործընթացների արդյունքում փորձ է արվում ոտնահարել Հայաստանի շահերը: Հայաստանն իրավունք չունի ընկրկելու որևէ աշխարհաքաղաքական պրոցեսի նկատմամբ, որը ոտնահարում է ՀՀ ինքնիշխանությունն ու միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքը: 
 
Հայաստանի Հանրապետությունն անհապաղ պետք է ձեռնարկի հստակ քայլեր՝ թշնամու զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից ժամ առաջ հեռացնելու ուղղությամբ: Մեր գնահատմամբ խնդրի հանգուցալուծման երկու  ճանապարհ կա՝ քաղաքական-դիվանագիտական կամ ռազմական: Որպես առաջնային քայլ Հայաստանը պետք է՝ 
 
1. Անհապաղ դիմի ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը վերականգնելու հստակ պահանջով:  
 
2. Անմիջականորեն պետք է  դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, նաև որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրներ, պահանջելով վերջիններից գործուն քայլերի իրականացում Ադրբեջանի զինված ուժերին միջազգայնորեն ճանաչված ՀՀ սուվերեն տարածքից դուրս բերելու համար:  
 
3. Միևնույն ժամանակ մենք՝ որպես ինքնիշխան պետություն, պարտավոր ենք ամենասեղմ ժամկետներում կազմակերպել ՀՀ սահմանների պատշաճ ռազմական պաշտպանությունը: 
 
Նաև վտանգավորության աստիճան մտահոգիչ ենք համարում ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության ակնհայտ կրավորական պահվածքը այս օրհասական իրավիճակում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ՌԴ ինքն է ստանձնել հիմնական միջնորդի պարտավորությունը, ավելին՝ որպես ՀՀ ռազմավարական դաշնակից պայմանագրային մի շարք պարտավորություններ ունի ՀՀ նկատմամբ:  
 
Մենք ակնկալում ենք միջազգային հանրության կողմից հստակ և գործուն քայլեր, քանզի միմիայն բարոյական աջակցության մասին հերթապահ հայտարարությունները խնդիրը չեն լուծի, ավելին՝ ստեղծված իրավիճակում անգործությունը կհանգեցնի տարածաշրջանում իրավիճակի շեշտակի վատթարացման, ուստի պետք է ժամ առաջ  պատրաստ լինենք ցանկացած տիպի զարգացման և մեր ռազմաքաղաքական լիարժեք ինքնապաշտպանությունը կազմակերպելուն»: 
 
 
 
 
                      
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play