ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին

15-05-2021 09:51:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը մայիսի 15-ին ընդունել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի գլխավորած պատվիրակությանը:
 
Հայկ Չոբանյանը, ողջունելով Քուբադ Թալաբանիին, ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության շրջանակը: Նախարարն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում ռազմավարական ուղղություն է և նշանակալի հաջողություններ է գրանցում նույնիսկ համավարակով ու պատերազմով պայմանավորված
բարդությունների ժամանակաշրջանում: Իրաքի պատվիրակությանն են ներկայացվել նաև ոլորտում իրականացվող նախագծերը և երկարաժամկետ ծրագրերը՝ ինժեներական քաղաքը, թվայնացման օրակարգը և բարձր տեխնոլոգիական կրթությունը:
 
Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է երկու երկրների պատմական, աշխարհագրական և կրթական ընդհանրությունները: Փոխվարչապետը նշել է, որ քրդական կողմը հատկապես հետաքրքրված է թվային կառավարման և կիբերանվտանգության ոլորտներով: Հաշվի առնելով երկու երկրների բազմաթիվ ընդհանրությունները՝ փոխվարչապետ Քուբադ Թալաբանին բարձր է գնահատել հատկապես հայկական տեխնոլոգիական կրթության փորձը և ներկայացրել իրենց երկրի մոդելը: 
 
Իրաքյան Քուրդիստանում գործում է երեք տեխնոլոգիական համալսարան, և նախատեսվում է համագործակցության հուշագրի ստորագրում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ: Այս պահին հուշագրի տեքստը գտնվում է մշակման փուլում:
 
Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը քուրդ գործընկերոջը հրավիրել է Երևան՝ հոկտեմբերին կայանալիք «DigiTec Expo» տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցելու:   
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 67 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար