Հայաստանի ԱԽ քարտուղարը տաջիկ գործընկերոջը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

15-05-2021 19:05:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Կայացավ Հայաստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նասրուլլո Մախմուդզոդայի հեռախոսազրույցը, տեղեկանում ենք ՀՀ ԱԽ-ից: 
 
Խոսակցության սկզբում Արմեն Գրիգորյանը շնորհավորեց Նասրուլլո Մախմուդզոդային նախօրեին Տաջիկստանում նշված Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ:
 
Այնուհետև Արմեն Գրիգորյանը իր տաջիկ գործընկերոջը ներկայացրեց իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու հանգամանքը:
 
Արմեն Գրիգորյանը կարևորելով ՀԱՊԿ-ի դերակատարությունը այս հարցում, միևնույն ժամանակ առանձնակի
կարևորեց Տաջիկստանի, որպես այս պահին ՀԱՊԿ նախագահող երկրի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը ինքնին աննախադեպ է ՀԱՊԿ-ի համար և այս առումով յուրօրինակ փորձություն և իմիջային հարց, որպես միջազգային անվտանգային կառույցի համար: 
 
Արմեն Գրիգորյանը ներկայացնելով ստեղծված իրավիճակը շեշտեց, որ Հայաստանը իրադրությունը ընկալում է, որպես ոտնձգություն իր սուվերենության և տարածքային ամբողջականության հանդեպ և ակնկալում է ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակցային պարտավորությունների շրջանակներում համարժեք արձագանք:
 
Կողմերը քննարկեցին ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ կանոնակարգերով և փաստաթղթերով նախատեսված գործիքակազմերի և արձագանքման հնարավոր տարբերակների հետ կապված հարցերը:
 
Նասրուլլո Մախմուդզոդան իր հերթին կարևորեց հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր գնահատեց հայկական կողմի զսպված և հավասարակշռված մոտեցումը:
 
Նասրուլլո Մախմուդզոդան կարևորելով հարցի արագ լուծման համար հնարավոր բոլոր մեխանիզմների գործարկումը՝ պատրաստակամություն հայտնեց ՀԱՊԿ շրջանակներում, որպես նախագահող երկրի ներկայացուցիչ աջակցել հարցի խաղաղ և արագ լուծմանը:
 
Ստեղծված իրավիճակի համատեքստում կողմերը կարևորեցին մոտ օրերս Դուշանբեում անցկացվելիք ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 134 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար