Գիտությունը և գիտատեխնիկական ներուժը պետության կողմից պետք է դիտարկվի որպես ազգային հարստություն. Վահան Քերոբյան


Գիտությունը և գիտատեխնիկական ներուժը պետության կողմից պետք է դիտարկվի որպես ազգային հարստություն. Վահան Քերոբյան

  • 15-05-2021 19:55:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 15-ին Դիլիջանում մասնակցել է «Հայաստանը որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագիրը կրող ֆորումին, տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից:
 
Երկօրյա համաժողովի նպատակն է քննարկել և վեր հանել Հայաստանում գիտական և արդյունաբերական ոլորտների զարգացման ուղիները, ինչպես նաև քննարկել վերջիններիս անհրաժեշտ որակավորում ունեցող կադրերի պատրաստման մեխանիզմները։
Իր ողջույնի խոսքում Վահան Քերոբյանը նշել է․ «Չափազանց կարևոր և արդիական եմ համարում Հայաստանը ժամանակակից արդյունաբերական ու գիտահեն պետություն դարձնելուն ուղղված նմանատիպ քննարկումները։ Գիտությունը և գիտատեխնիկական ներուժը պետության կողմից պետք է դիտարկվի որպես ազգային հարստություն, քանի որ դրանով է կանխորոշվում մեր երկրի ապագան»։
 
Նա նաև աննախադեպ լավ նորություն է համարել գիտության ոլորտի ներկայացուցիչների համար Հայաստանի կառավարության կողմից օրերս հաստված գիտության ոլորտի աշխատակիցների բազային աշխատավարձի բարձրացման ծրագիրը, որը նախատեսում է առաջիկա 4 տարվա ընթացքում վերջիններիս աշխատավարձի գրեթե քառապատկում։ Ըստ Վահան Քերոբյանի՝ այս նորությունը գիտական ճանապարհն ընտրած մարդկանց կոգևորի, որպեսզի իրենք ավելի վստահ մտնեն գիտության ոլորտ և իրենց աշխատանքով նպաստ բերեն երկրի գիտության և գիտահեն տնտեսության զարգացմանը։
 
Ֆորումի ընթացքում քննարկվել են գիտահետազոտական ոլորտի բարելավմանը  նպաստող անհրաժեշտ միջոցառումները, ֆինանսավորման մոդելները, արդի արդյունաբերական համալիրի համար ինժեներական կրթությամբ մասնագետների ապահովման ճանապարհները։ Քննարկման նպատակն էր  նաև նպաստել Հայաստանի գիտահետազոտական ոլորտի կողմից ստեղծվող հավելյալ արժեքի մեծացմանն ու զարգացմանը։ 
 
Միջոցառմանը մասնակցել են առաջատար տեխնոլոգիական ոլորտի, գիտահետազոտական կազմակերպությունների, համալսարանների, գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև շահագրգիռ պետական գերատեսչությունների պաշտոնյաներ։     
 
Ֆորումը կազմակերպել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն