Մեծ Բրիտանիան միացավ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային. ռուս-թուրքական համաձայնություններն ագրեսիա են Հայաստանի դեմ


Մեծ Բրիտանիան միացավ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային. ռուս-թուրքական համաձայնություններն ագրեսիա են Հայաստանի դեմ

  • 17-05-2021 10:24:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
lragir.am Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Լոնդոնը կգերադասեր Լեռնային Ղարաբաղում բազմազգ խաղաղապահ ուժեր տեսնել, այլ ոչ թե բացառապես ռուսական, որ հրադադարի բանակցությունները վարեր ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Դեսպանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը շարունակում է չլուծված մնալ։ «Ի վերջո, վերջնական կարգավորման, խաղաղության պայմանագրի հարցերը պետք է լուծվեն, և Մինսկի խմբի համանախագահները պետք է դրանում դեր խաղան», ասել է Շարփը։
 
Այսպիսով, Մեծ Բրիտանիան միանում է Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, որոնք ռուս-թուրքական համաձայնությունները եւ եռակողմ հայտարարությունը չեն ընդունում որպես կարգավորում եւ դնում են Մինսկի խմբում քաղաքական կարգավորման, Արցախի կարգավիճակի հարցը:
 
Հայաստանի տարածք թուրքերի ներխուժումից հետո Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ: Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ նշվում է, որ իրավիճակի կարգավորումը հնարավոր է միայն ՄԱԿ Անվտանգության խորհրդում, եւ Ֆրանսիան պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել: Նիկոլ Փաշինյանն այս կապակցությամբ հայտարարել է, որ «Ֆրանսիայի նախագահը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ՄԱԿ-ի անվտանգության մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին։ Իհարկե, շատ կարևոր եմ համարում, որ այս թեմայով Անվտանգության խորհրդի մշտական անդամները միմյանց հետ հաղորդակցության մեջ լինեն, քննարկեն»։
 
Ռուսաստանը Մինսկի խմբի, ՄԱԿ-ի եւ այլ կառույցների դերը տեսնում է բացառապես հումանիտար հարցերում, բացառելով քաղաքական բաղադրիչը: Ռուսաստանը չի դատապարտել եւ չի պահանջել թուրքերի դուրսբերումը Հայաստանի տարածքից, քանի որ ինքն է առաջնորդում Բաքվի ռազմական նախաձեռնությունները Հայաստանի սահմանին: Ըստ էության, Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան արձանագրում են հենց այս հանգամանքը, համարելով, որ ռուս-թուրքական համաձայնություններն ագրեսիա են Հայաստանի դեմ:
 
Մեծ Բրիտանիան ՄԱԿ ԱԽ մշտական անդամ է, այդպիսով 5 մշտական անդամներից 3-ը չեն ընդունում ռուս-թուրքական «կարգավորումը»: Այստեղ հարկ է հիշել անցյալ տարվա հոկտեմբերին Արցախում կրակի դադարեցման վերաբերյալ Մինսկի խմբի եռյակի ներկայացրած ՄԱԿ ԱԽ բանաձեւի տապալումը, երբ կասկածները գնացին Բրիտանիայի ու Չինաստանի կողմ: Երեւանում Բրիտանիայի դեսպանը հերքեց, որ Լոնդոնն է տապալել այն, հերքման հեռավոր արձագանք հնչեց նաեւ Չինաստանից: Ո՞վ էր տապալել այդ բանաձեւը:
 
Հայաստանին աջակցությունը սկուտեղի վրա չի մատուցվելու: Հայաստանի դեմ 2020-ի սեպտեմբերից ռուս-թուրքական ագրեսիայի խնդիրը միջազգային լեգիտիմ ու մանդատ ունեցող կառույցներ տեղափոխելու հարցում Հայաստանից ընդառաջ եւ հետեւողական քայլեր են պետք: Ընդ որում, սա ոչ միայն կառավարության, այլեւ քաղաքական դերակատարության հավակնություն ունեցող ուժերի պատասխանատվությունն է, ինչը չի հաջողվելու քողարկել ներքին անմակարդակ ու նողկալի «բանավեճերով»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը