Նախադպրոցական ուսումնական հաստատությունների արատքին և ներքին գնահատում. երբ և ինչպես է այն իրականացվելու

17-05-2021 11:07:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ կառավարությունը մայիսի 13-ին կայացած նիստում հաստատել է ՀՀ նախադպրոցական ուսումնական
հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը: Սահմանվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության արտաքին գնահատում կիրականացվի 2023-2024 ուսումնական տարվանից սկսած:
 
Արտաքին գնահատում` վարկանիշային ցանկ
 
Համաձայն նոր կարգի` պետական նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումը կատարվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի` ԿԳՄՍ նախարարության կողմից ընտրված արտաքին գնահատում իրականացնող անկախ կազմակերպության միջոցով: Կազմակերպության ընտրությունը կկատարվի սահմանված կարգով`  սահմանած գնման առարկայի բնութագրերի հիման վրա` «Գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակում:
 
Ոչ պետական ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումն իրականացվելու է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպությունների ցանկից տվյալ ուսումնական հաստատության հիմնադրի ընտրած կազմակերպության կողմից:
 
Արտաքին գնահատման ժամանակ հաշվի են առնվում սաներին մատուցվող կրթական ծառայությունների որակի և նախադպրոցական կրթության չափորոշչի համապատասխանությունը, ինչպես նաև կրթության տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքները: Արտաքին գնահատմանը մասնակցում են ծնողները, կրթության պետական և տարածքային կառավարման լիազորված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմնի և ուսումնական հաստատության ներկայացուցիչները` վերջին 5 տարվա գործունեության արդյունքների հիման վրա:
 
Արտաքին գնահատման արդյունքներն ամրագրվում են հավաստագրի միջոցով: Գնահատման չափանիշներով սահմանված միավորների առնվազն 75 տոկոսը ստանալու դեպքում հաստատությանը հինգ տարի ժամկետով տրվում է հավաստագիր: 
 
Գնահատման արդյունքների հիման վրա ձևավորվում է վարկանիշային ցանկ, որը հրապարակվում է նախարարության կայքում:
 
Ներքին
գնահատում` ինքնավերլուծություն
 
Գործունեության ներքին գնահատումն իրականացնում է ուսումնական հաստատությունը` անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից: Ներքին գնահատումն ուսումնական հաստատության ինքնավերլուծությունն է, որն իրականացվում է տարեկան մեկ անգամ` մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։ Ներքին գնահատմանը մասնակցում են ուսումնական հաստատության վարչական և մանկավարժական աշխատողները, սաների ծնողները: Նշենք, որ ներքին և արտաքին գնահատումն իրականացվում է նախարարության հաստատած հարցաշարերի հիման վրա:
 
Ներքին և արտաքին գնահատման նպատակը նախադպրոցական կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության ապահովումն ու նախադպրոցական կրթության որակի բարելավումն է` կրթական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված մրցակցության խթանումը:  
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 86 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար