Այսօր արդեն վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը


Այսօր արդեն վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

  • 17-05-2021 16:11:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոն երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշվում է. 
 
«Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանը, ոչ միայն շարունակում է սպառնալիքներ հնչեցնել եւ պահանջներ ներկայացնել, այլեւ բացահայտ քայլեր է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ։
 
Կոպտորեն ոտնահարելով նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ հայտարարության դրույթները, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել գերիներին եւ այլ պահվող անձնանց, այլեւ Արցախի Հանրապետության Խծաբերդի, Հին Թաղերի ռազմակալումից, ապա նաեւ կասկածելի հիմքերով իրականացված սահմանազատումներից հետո, չհանդիպելով որեւէ դիմադրության, անցել է բացահայտ զավթողական քաղաքականության։
 
2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ ռազմավարական ուղղություններով ադրբեջանական զինուժը հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ խորացել մի քանի կիլոմետր։ Ադրբեջանական զինվորականների ներխուժման արդյունքում առաջացել են անվտանգային լրջագույն սպառնալիքներ։ Հեռահար նպատակադրումներով կատարված ադրբեջանական բացահայտ ագրեսիան ստեղծել է ռազմական բախման եւ պատերազմի իրական վտանգ։
 
Օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանցավոր անգործությունից, Ադրբեջանը փորձում է թելադրել իր կամքը՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը։ Այսօր արդեն վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի ագրեսիան կանխելու, հակազդելու փոխարեն Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախումբը շարունակում է իր ապաշնորհ կառավարմամբ կործանման տանել երկիրը։
 
Այս ընթացքը պարտավոր ենք կասեցնել։ ՀՅ Դաշնակցության Բյուրոն աշխարհի տարբեր երկրներում զորաշարժի է ենթարկել Դաշնակցության բոլոր կարելիությունները՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու ուղղությամբ, միաժամանակ պատրաստ լինելով ինքնակազմակերպվելով պաշտպանել մեր պետությունն ու քաղաքացների անվտանգությունը»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play