Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին սահմանագծման աշխատանքներում, ասում է Լավրովը


Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին սահմանագծման աշխատանքներում, ասում է Լավրովը

  • 17-05-2021 17:21:09   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ռուսաստանը պատրաստ է աջակցություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին՝ սահմանի դեմարկացիայի աշխատանքներում, և կրքերը սրելու կարիք չի տեսնում, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը:
 
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումից շուրջ մեկ շաբաթ անց ասուլիսի ժամանակ անդրադառնալով իրավիճակին՝ Լավրովն ասել է․ - «Միջադեպից հետո ադրբեջանական կողմը հայտարարություն է տարածել, պարզաբանել, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է, և որ ամենակարևորն է՝ սահմանազատված և սահմանագծված [դելիմիտացիա և դեմարկացիա] սահմանի բացակայությամբ»։
 
«Մենք առաջարկել ենք, որ կողմերն աշխատեն այդ ուղղությամբ, և մենք պատրաստ ենք նրանց աջակցել քարտեզներով ու խորհրդատվական ծառայություններով», - նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
 
Լավրովն ընդգծել է, որ մինչ օրս որևէ կրակոց չի հնչել, բախումներ չեն եղել։ «Հանգիստ նստել են, սկսել են պայմանավորվել, թե ինչպես է պետք այս իրավիճակը հարթել, մեզնից աջակցություն են խնդրել, մեր զինվորականները տրամադրել են, ձեռք է բերվել համաձայնություն։ Ես չեմ տեսնում կրքերը թեժացնելու որևէ կարիք այս բավականին հեշտ կարգավորվող հարցում», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մոսկվայում կայացած ասուլիսում։
 
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
 
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:
 
Այսօր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը է՛լ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով և հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play