Ճանապարհը Ստեփանակերտից Երեւան


Ճանապարհը Ստեփանակերտից Երեւան

  • 17-05-2021 20:00:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Ստեփանակերտից Երևան տանող ճանապարհով կարելի է «Քաղաքական աշխարհագրություն» ուսումնասիրել։ Ստեփանակերտում ռուսներ չեն երեւում, Մարտունիում կանգուն է Նժդեհի հուշարձանը, Կարմիր շուկայի ճանապարհով ռուս զինվորականներն արդեն ամեն օր ուղեկցում են ադրբեջանցիների շարասյուներ, հայ ուխտավորներին այլեւս թույլ չեն տալիս գնալ Դադիվանք, բայց չգիտես ինչու նրանց ուղեկցում են Ամարաս: Շուշիում տեղակայվել է երկրորդ ադրբեջանական հենակետը, իսկ ռուսական հենակետերի թիվը նվազել է։ Աղավնոն հերոսաբար կանգնած է։ Վայքում նախկինի պես աշխույժ առևտուր չկա։ Գորիսից Սիսիան ձգվում է Իշխանասարի լեռնաշղթան, որի հետևում օկուպացված Քաշաթաղի շրջանի հյուսիսային մասն է և վեհաշուք Ծիծեռնավանքը։
 
Նա, ով հայկական կողմից ստորագրել է եռակողմ հայտարարությունը, ակնհայտորեն չէր պատկերացնում տարածաշրջանի քարտեզը։ Եթե այդ հայտարարությունը պահպանվի, ապա Հայաստանը կվերածվի 5 կիլոմետրանոց միջանցքի Հյուսիս – Հարավ ճանապարհի շուրջ, որը կձգվի Գյումրիից՝ Բաղրամյան և Սայաթ-Նովա փողոցներով՝ մինչև Գորիս։ Մնացածը կարող է վերածվել նույն կերպ դժգույն տարածքի, ինչպիսին է հիմա Շուշիից Տեղ գյուղ տանող ճանապարհը։
 
Չնայած Ստեփանակերտից մինչեւ Երեւան չկան միջազգային ուժեր եւ տեղադրված չեն այլ երկրների դրոշներ, բացի ռուսականից եւ թուրքականից, տպավորությունն այնպիսին է, որ դա ժամանակավոր է: «Լսե՞լ եք, ասում են Ֆրանսիայի նախագահը զենք է առաջարկում Հայաստանին։ Ռուսներն ինչպես միշտ մեզ գցեցին։ Ամերիկացիներն, իհարկե, թուրքերի հետ լավ են, բայց ռուսների ներկայությունը չեն հանդուրժի։ Նիկոլը, երեւի, ՀԱՊԿ-ին է դիմել, որ վարկաբեկի։ Ո՞ւր ա Նիկոլը, կարող ա՞ վախեցրել են»։ Ահա թե ինչ են խոսում խոհանոցներում, ավտոբուսներում եւ զորամասերում, որոնց առջեւ վաղուց ռազմական խնդիրներ չեն դրել։
 
ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լը Դրիանի հետ եւ քննարկել Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։
 
Ֆրանսիան պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին, բայց նրան ոչ ոք չի դիմում։ Հայաստանն օգնություն է հայցում ոչ թե Ֆրանսիայից եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից, այլ Ղազախստանից»։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play