Շարունակելու ենք բարձրացնել ռազմագերիների վերադարձի հետ կապված խնդիրները. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը՝ ՀՀ նախագահին

17-05-2021 20:12:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին, տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից:
 
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ուշադրությամբ ուսումնասիրել է նախագահ Սարգսյանի նշած խնդիրները, դրանք ներկայացրել ԵԱՀԿ համապատասխան կառույցներին:
 
«Ես շարունակում եմ հետևել իրավիճակին և այս
ու հարակից հարցերի
վերաբերյալ կապի մեջ եմ Մինսկի խմբի համանախագահների ու գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Տեղյակ եմ, որ այս խնդիրները քննարկել եք նաև գործող նախագահ Անն Լինդեի հետ մարտին Երևան կատարած նրա այցի ընթացքում:
 
Մինսկի խմբի համանախագահները 2021 թ. ապրիլի 13-ին հայտարարություն են տարածել, որում անդրադառնում են նաև Ձեր նամակում նշված հարցերին: Համանախագահներն ընդգծել են, որ լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ` դեռևս գոյություն ունեցող մտահոգությունները փարատելու և երկարատև խաղաղությանը նպաստող փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորելու համար:
 
Այդ համատեքստում համանախագահները մատնանշել են բոլոր ռազմագերիների և կալանավորված այլ անձանց վերադարձի հետ կապված խնդիրները` համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների: Նրանք, ինչպես և ես ու ԵԱՀԿ մյուս պաշտոնյաները, շարունակելու են հետևել և բարձրացնել այս հարցը: ԵԱՀԿ ինստիտուտներն ու կառույցները ԵԱՀԿ բոլոր երեք հարթություններում ծրագրված աշխատանքների միջոցով արդեն իսկ սերտորեն համագործակցում են Հայաստանի հետ:
 
Հույս ունեմ որպես ԵԱՀԿ գլխավոր քարտուղար իմ պաշտոնավարման ընթացքում զարգացնել և առավել ընդլայնել այս համագործակցությունը»,-ասված է Հելգա Մարիա Շմիդի նամակում: 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 145 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար