ԱՄՆ-ը Բաքվից պահանջելու է դուրս բերել ուժերը ՀՀ տարածքից, ասել է Ջեյք Սալիվանը


ԱՄՆ-ը Բաքվից պահանջելու է դուրս բերել ուժերը ՀՀ տարածքից, ասել է Ջեյք Սալիվանը

  • 17-05-2021 23:08:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից:
 
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին արված հայտարարության կապակցությամբ՝ նշելով դրա առանցքային նշանակությունը:
 
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։
 
Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից:
 
Խորհրդական Սալիվանը բարձր է գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը և հարցերը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով լուծելու քայլերը:
 
Ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների առնչությամբ և ընդգծել նրանց վերադարձի ապահովման կարևորությունը։
 
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման հարցում Հայաստանի կառավարության հանձնառությունը և հավաստիացրել, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին ժողովրդավարական օրակարգի առաջմղման հարցերում:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն