Հայաստանի դեմ գործադրվել է Մուրադով-Կաուֆմանի տեխնոլոգիան. Խուսափել Արցախի եւ Սյունիքի կորստից


Հայաստանի դեմ գործադրվել է Մուրադով-Կաուֆմանի տեխնոլոգիան. Խուսափել Արցախի եւ Սյունիքի կորստից

  • 18-05-2021 10:13:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

lragir.am: 2015-ից Հայաստանի դեմ կիրառվող քաղաքականությունը Ռուսաստանի տարածապաշտական զինանոցում էր XIX դարի կեսից եւ, ըստ երեւույթին, միանգամայն կիրառելի է այժմ: Ով էր Կաուֆմանը եւ ինչպես դիմակայել պատմական փակուղի մտած իմպերիային: Ինչպես պաշտպանել երկիրը վաղուց մշակված թշնամական մեթոդներից
 
Ինչպես է սկսվել
 
Զգուշացնենք, որ թեպետ խոսքը օտար տարածք ենթարկելու ունիվերսալ տեսակի մասին է, Հայաստանի պարագան յուրահատուկ է: Հիմա խոսքը Ռուսաստանի ոչ թե տարածման մասին է, այլ ստրատեգիական նահանջը հայերի հաշվին ապահովագրելու եւ, հընթացս, նույն հայերին նոր կոտորածի ենթարկելու մասին: Շարադրանքից կիրառական հետեւություն անելու համար անհրաժեշտ կլինի որոշակի սառնասրտություն պահպանել:
 
Եւ այսպես: Ում անունն է Ռուստամ Մուրադովի կողքին: Ով էր Արցախում եւ Սյունիքի սահմանին հայտնված ինստիտուցիոնալ «գեներալ-նահանգապետի» նախակարապետը եւ ինչով էր նա «նշանավոր»: Գեներալ Կոնստանտին ֆոն Կաուֆմանը նշանավոր էր ասիական ժողովուրդները իրար դեմ հանելով, հարյուր հազարներին կոտորելով, հինավուրց մշակույթի օրրան-քաղաքները գավառական անդեմ գաղութներ դարձնելով եւ դրանք սլավոնացնելով: Ամենը՝ հանուն «ռուսական նոր հողի», նույնիսկ ոչ փողի: Գեներալը հետք է թողել նաեւ ցարական Լիտվայում, որտեղ արգելել է լատինատառ այբուբենը՝ ՌԴ ՊԴ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի ականջը կանչի:
 
Ասիական նոր տարածքները Պետերբուրգին ենթարկելու ցարական տեխնիկան յուրահատուկ էր՝ միայն մասամբ փոխառնված բրիտանականից: Մեծ տարածքը յուրացնելու համար նախ ռազմազավթվում էր դրա մի փոքր, բայց կարեւոր կտորը, ինչը հնարավորություն էր տալիս մնացած մասը պահել խայծով կեռիկի վրա: Այնուհետեւ, հատուկ նշանակության գործողությունների շնորհիվ, «փոքրին» միացվում էր «մեծը»: Թուրքեստանի գեներալ-նահանգապետ Կաուֆմանի կիրառած սխեման ենթադրում էր խաղաղ բնակչության անխնա ոչնչացում, քաղաքական եւ տնտեսական իմաստով կախյալ իշխանիկ-կոլաբորացիոնիստների օգտագործում, երկաթուղային նոր կապուղիների անցկացում եւ իմպերիային բռնակցելու իրավական մեթոդների բազմազանություն (1):
 
Որպեսզի պատկերացնենք բռնության մասշտաբը պարզ թվարկենք «փոքրին մեծ կցելու» էտապները: Կեռիկ-կտորներն էին 1865-ին գրոհով նվաճված Տաշքենդը, որի օգնությամբ վերահսկողության տակ վերցվեց Կոկանդի խանությունը, մի փոքր ուշ նաեւ Խոջանդը, ապա՝ 3 «հասանելիք» օր թալանված եւ բռնաբարված Սամարղանդը, որի օգնությամբ վերահսկվում էր Բուխարան, ապա Կուլչան, որով պիտի վերահսկվեր Եդդիշահար էմիրությունը, ապա՝ Ամու-Դարյա գետի ողջ շրջանը, որը տանում էր դեպի Խիվա, Խորեզմ: Մնացած խանությունները և էմիրությունները առևտրային համաձայնագրերի, ապա նաև քաղաքական պայմանագրերի միջոցով հնարավորինս մեկուսացվեցին արտաքին աշխարհից, զրկվեցին արտաքին սահմաններից և վերածվեցին անկլավ-պրոտեկտորատների:
 
 
Կոնստանտին ֆոն Կաուֆման: Գեներալի ձեռագիրը հեղած արյան գետերն էին՝ առանց ահել ու ջահել կամ կին ու տղամարդ զատելու: գծն-գրավ. Տեգեցցո եւ Շտիֆֆի
 
Տարբեր էթնիկ տարածքները իրար խառնելու եւ մեկի զարգացման հաշվին մյուսի զարգացումը արգելափակելու ցարական տեխնոլոգիան շարունակություն ունեցավ նաեւ խորհրդային շրջանում: Առավել տուժողը այս երկրամասում տաջիկ ժողովուրդն էր, որ Բուխարա-Սամարղանդի կորստով ենթարկվեց մշակութային թալանի եւ ստորադասվեց թյուրքերին: Առկա էր Պետերբուրգի, այնուհետեւ Մոսկվայի քաղաքակրթական հստակ մոտիվացիան՝ թերզարգացած թյուրքերի «արդիականացման» միջոցով ապահովել ռուսական մշակութային կոդի պատվաստումը: Ռուսներից բարձր կանգնած էթնիկ տարրերը ոչնչացվում էին, ամեն կերպ խրախուսվում էր նրանց մշակութային կողոպուտը, բարոյականի նվաստացումը եւ ենթարկումը թյուրքերին:
 
Գեներալ Կաուֆմանի կիրառած տեխնոլոգիաները ուժի մեջ էին մինչեւ 1917 թվականը: Խորհրդային շրջանում այսպես կոչված «բասմաչական հրոսակախմբերը» այլ բան չէին, քան տեղացիների ընդհանուր հակագաղութային-հակառուսական, հաճախ հակաթյուրքական լայնածավալ պատերազմի դրսեւորումներ: Ռազմական ահռելի ուժի կիրառումից հետո Մոսկվան գործադրեց գաղութային ճնշման ադմինիստրատիվ, տնտեսական եւ, հատկաես ռեպրեսիվ՝ ՕԳՊՈՒ-ՎՉԿ եղանակները:
 
Այս լույսի ներքո ակնհայտ են ՀՀ-Արցախ-Սյունիք, հիմնականում հենց հայկական ծուլության եւ ագահության հետեւանքով առաջացած տրոհումների եւ Մոսկվայի կողմից դրանք խորացնելու ու շահագործելու հանգամանքները: Եթե կարճ ձեւակերպենք, հայերի չիրականացրած Արցախը Հայաստանին Միացման փոխարեն ռուսները ջանում են իրականացնել «միացումը» հակառակ ուղղությամբ ՝ Կաուֆմանի շղթայական եղանակով: Գումարելիների փոխատեղումը, ամենեւին դժվար չէ պատկերացնել, որ էապես ազդելու է քաղաքական արդյունքի վրա:
 
Հին մեթոդի նորագույն կիրառությունը
 
Նախարար Լավրովի «Ղարաբաղի շրջանում սահմանային հարցերի կարգավորում», իսկ ՀԱՊԿ քարտուղար Զասի՝ «հնարավոր միջամտություն Ղարաբաղի կարգավորման պրոցեսին» արտահայտությունները վկայում են Սյունիքը նախ «արցախացնելու»՝ այնուհետեւ «խաղարարարության «գոտուն» կցելու մոսկովյան մտադրության մասին։ Սա լիովին ներգծվում է Կաուֆմանի շղթայի տրամաբանության մեջ:
 
Ռեգիոնալ մասնատման այն փորձերը, որոնց ականատես ենք Արցախում եւ Սյունիքում, տեսանելի էին առնվազն մեկ տասնամյակի հեռավորությունից: Պետության թերացումները Արցախի հարցում՝ իբրեւ նախեւառաջ ներքին հայկական խնդիր, հանգեցրեցին ոչ միայն արեւելյան այդ աշխարհի օկուպացիային, այլեւ ՀՀ ռեգիոնալ հարընթաց տրոհման վտանգին: Մասնավորապես, յուրօրինակ «սանիտարական պատնեշով» խնամքով տարանջատվում էին ՀՀ եւ ԼՂՀ ներքին քաղաքական պրոցեսները, չէր իրականացվում մշակութային համաձուլմանն ուղղված ծրագիր:
 
Այսպիսի մոտեցման վատթարագույն դրսեւորումների ենք ականատես կուսակցանման ռեգիոնալ քաղաքական միավորումների տեսքով: Տարածապես մատնաչափ Հայաստանում ձեւավորվում են բացառապես սահմանափակ տարածքում ազդեցություն ունեցող քաղաքական պարտիաներ: Այժմ քաղաքական տրոհման պրոցեսը բացահայտ ղեկավարվում է Մոսկվայից եւ կազմում է մաս-մաս կլանման նկարագրված սխեմայի մաս: Այդուհանդերձ, Սյունիքի ներկա վիճակի ակունքները, կրկնենք, Արցախի հանդեպ տարված քաղաքականության մեջ են եւ բացառապես հայկական մեղք:
 
Շղթայական ենթարկման մեթոդի ամենաէական մասը՝ կլանման ենթակա հատվածի միջազգային մեկուսացումն է լոգիստիկ իմաստով: Սակայն խոսքը միայն տարածական մեկուսացման մասին չէ: Նույնը տեղի է ունենում նաեւ արտաքին ասպարեզում եւ արտահայտվում է երկրի իրական շահերին ուղղակի հակասող ինտեգրացիոն առավելապես կեղծ դաշինքների շրջանակում խնդիրների լուծմամբ, ինքնիշխանությունից լիակատար հրաժարումով ու դրանից հետեւող ընդհանուր արտաքին քաղաքական կրավորականությամբ:
 
Արատավոր շղթան պետք է խզվի: Հայաստանի առջեւ 30 տարվա ընթացքին բազմիցս բացված ռազմավարական դռները մի օր փակվելու են մեկընդմիշտ: Այս գիտակցությունը պիտք է քաղաքական առջնորդման առաքելությունը ստանձնած խմբերին եւ անհատներին հուշի պահի վճռական նշանակությունը ժողովրդի ճակատագրի տեսակետից:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը