Շրջայց Ստեփան Վերանյանի հետ՝ «Այլազանություն» ցուցահանդեսով


Շրջայց Ստեփան Վերանյանի հետ՝ «Այլազանություն» ցուցահանդեսով

  • 18-05-2021 12:40:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Գեղագիտության ազգային կենտրոնը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ին ընդառաջ սիրով հրավիրում են ԳԱԿ թանգարան՝ շրջայցի, որտեղ Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայի դասախոսապրոֆեսորական կազմի, շրջանավարտների և ուսանողների աշխատանքների՝ «Այլազանություն» ցուցահանդեսի շրջանակում նկարիչ Ստեփան Վերանյանը (Վենետիկի XLVII միջազգային բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի մասնակից, Վենետիկի XLVIII միջազգային բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի համակարգող և կոմիսար) կներկայացնի ցուցահանդեսի և գեղարվեստական տպագրության մասին իր մասնագիտական վերլուծությունը։ 
 
Հանդիպումը տեղի կունենա 2021թ. մայիսի 18-ին ժամը 19։00-ին ԳԱԿ թանգարանում (Աբովյան 13)։
 
Գեղարվեստական տպագրության ոլորտում ստեղծագործող լեհ արվեստագետների տպագրական աշխատանքները ներկայացնող «Այլազանություն» խորագրով լայնածավալ ցուցահանդեսը, որը «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ին ընդառաջ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը նախաձեռնել է Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայի հետ համատեղ և Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ, հանդիսատեսը կարող է դիտել 2021թ. մայիսի 15-ից հուլիսի 5-ը, Երևանում, Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում։
 
Նախաձեռնությունը սկիզբ է առել դեռևս «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի շրջանակում և իրականացվում է ցուցահանդեսի համադրողներ, Գեղարվեստական տպագրության երևանյան Երկրորդ և Երրորդ բիենալեի միջազգային ժյուրիի նախագահ, Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայի դոկտոր, պրոֆեսոր Մատեուշ Օտրենբայի և «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի Առաջին մրցանակակիր Տոմաշ Վինյարսկու մասնակցությամբ։
 
«Այլազանություն» ցուցահանդեսի նպատակը Հայաստանում գեղարվեստական տպագրության ոլորտի խթանելը, միևնույն ժամանակ այսօր գեղարվեստական տպագրության միջազգային դաշտում գործող արվեստագետներին և կիրառվող տարատեսակ տեխնիկաների հնարավորությունները հայ հանդիսատեսին ներկայացնելն է։ Իսկ օտարազգի արվեստագետների համար այն նաև Հայաստանում ներկայանալու նոր հնարավորություն է։
 
«Այլազանություն» ցուցահանդեսին 59 (85 թերթ) աշխատանքով մասնակցում է 40 լեհ արվեստագետ՝ ինչպես Կրակովի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորներ, այնպես էլ՝ ուսանողներ ու շրջանավարտներ։ 
 
Ներկայացված տպագրական թերթերը կատարված են գեղարվեստական տպագրության տարատեսակ տեխնիկաներով․ վիմատպություն՝ 10, լինոփորագրություն՝ 14, խորատիպ տպագրություն՝ 17, թվային տպագրություն՝ 6, մետաքսագրություն՝ 7, պիգմենտային տպագրություն՝ 2, մենատիպ՝ 1 և խառը տեխնիկա՝ 1։ 
 
Գեղարվեստական տպագրության ոլորտում ստեղծագործող լեհ արվեստագետների տպագրական աշխատանքները ներկայացնող «Այլազանություն» ցուցահանդեսն ինչպես Հայաստանի, այնպես էլ Կրակովի արվեստագետների համար երկխոսության մի նոր ու երկար սպասված հարթակ է, որտեղ նրանք կրկին ցուցադրում են իրենց ստեղծագործական նվաճումները։
 
 
Պատրաստեց՝ Լիլիթ Ալեքսանյանը
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն