Ազատ գյուղի արոտավայրերը մնացել են ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ
18-05-2021 14:51:04 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
lragir.am .Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի սահմանից ադրբեջանական զորքերը 3-4 կիլոմետր առաջացել են և չեն հեռանում։ Ազատ գյուղը Գեղամասար խոշորացված համայնքի կազմում է, Կութ և Նորաբակ գյուղերի հարևանությամբ է գտնվում։ Հենց այս գյուղերի ուղղությամբ են ադրբեջանական ուժերը վերջին օրերին առաջ եկել։
Ազատ գյուղի վարչական ղեկավար Սիմոն Սահակյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին օրերի առաջխաղացման հետևանքով գյուղի անասնակերը, մնացել է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։
«Մեր սարը, որ խոտ պիտի քաղեին՝ անասնակեր, էդ տարածքները մնացել են իրենց մոտ։ Իրենց սահմանին, որ նստած էին, այնտեղից մոտ 3-4 կմ եկել են առաջ։ Բայց գյուղում խուճապ չկա, նորմալ վիճակ է»,- նշեց նա։
Սիմոն Սահակյանը հավելեց, որ ադրբեջանական ուժերն իրենց ագրեսիվ չեն դրսևորում։ «Ընդհանուր հանգիստ են պահում իրենց։ Ասում են՝ եթե մեր մեծերն ասեն՝ եկեք հետ, կգնանք հետ, եթե ասեն՝ գնացեք առաջ, կգանք առաջ։ Հիմա բանակցություններ են գնում, մեր բանակն է այնտեղ»,- հավելեց հանայնքի ղեկավարը։
Սիմոն Սահակյանի խոսքով՝ այդ տարածքները ԽՍՀՄ տարիներին Հայաստանի տարածքում են եղել, ոչ մի քարտեզով դրանք ադրբեջանական չեն։ «Մեր վերևի սահմանները գծած են ու տենց էլ մնացել են։ 100 տոկոսով իրենք անցել են մեր տարածք։ Կեղծ քարտեզներ են բերել, բայց ոչ մեկ չի էլ գնացել տեսել, թե ինչ քարտեզ են դրանք»,- հավելեց նա։