Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել


Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել

  • 18-05-2021 16:15:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
 
«Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը սույն թվականի մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ, ինքնակամ ներկայացել քրեական վարույթն իրականացնող մարմին, բացի այդ ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետությանը պատճառված վնասին համարժեք գումար:
 
Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 50 միլիոն ՀՀ դրամի չափով գրավով փոխելու մասին»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։
 
Գագիկ Բեգլարյանը եղել է 2002-2008 թթ. Երևանի Կենտրոն համայնքի թաղապետը, 2009-2010 թվականներին Երևանի քաղաքապետը, իսկ 2012-2016 թվականներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը։
 
Գագիկ Բեգլարյանի նկատմամբ Ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում էր հայտարարել Հայաստանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքը հափշտակելու մեղադրանքով։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը