Պաշտպանության բանակը կա, մնալու է և կդառնա ավելի մարտունակ. Արցախի նախագահ

18-05-2021 17:45:46   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել, տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմից:
 
Քննարկվել են բանակաշինությանը, երկրի պաշտպանունակությանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր: 
 
Նախագահը խորին երախտագիտություն է հայտնել Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին իր առաքելությունն անձնվիրաբար իրականացնելու ու ուժերի
ներածին չափով թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայից Հայրենիքը պաշտպանելու համար: 
 
 «Մենք հանդես ենք գալիս արժանապատիվ ու կայուն խաղաղության օրակարգով, սակայն դրա համար անհրաժեշտ են նաև անվտանգային երաշխիքներ: Ուստի, Պաշտպանության բանակը կա, մնալու է և կդառնա ավելի մարտունակ: Նախատեսված բարեփոխումների արդյունքում ձևավորվելու է պրոֆեսիոնալ բանակ, որտեղ կարևոր դերակատարություն են ունենալու պայմանագրային զինծառայողները»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ առավելագույն ջանք է ներդրվելու Արցախի անվտանգային համակարգի հետևողական ու արագ բարելավման համար: 
 
Խոսելով զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման մասին՝ նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ մինչև 2023 թվականն ամբողջությամբ լուծվելու է գործող և թոշակառու սպաների բնակարանային ապահովման խնդիրը, ինչպես նաև լրացուցիչ աշխատանքներ են տարվելու զինծառայողներին սոցիալական երաշխիքների տրամադրման, զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 103 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար