Մոսկվան առաջարկում է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ


Մոսկվան առաջարկում է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ

  • 18-05-2021 18:08:30   | Ռուսաստան  |  Քաղաքական

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի հետ կապված: Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքէջում տեղադրված հաղորդագրությունում նշվում է.
 
«Շարունակում ենք ուշադրությամբ հետևել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Ռուսական կողմն աջակցում է Բաքվին և Երևանին լարվածության նվազեցման հարցում՝ բարձրագույն և բարձր մակարդակի պարբերական շփումների շրջանակներում: Պահպանվում է օպերատիվ կապը մեր երկրների ռազմական ու սահմանապահ ծառայությունների գծով:
 
Վերահաստատում ենք կրակի դադարեցման ռեժիմի խստագույն պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020թ-ի նոյեմբերի 9-ի ու 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների մյուս դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը:  
 
Ելնում ենք նրանից, որ նման միջադեպերը անհրաժեշտ է հարթել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում ենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը՝ հետագա սահմանագծմամբ: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հետագայում ևս ամեն կերպ աջակցել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը»:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական