Հայ ռազմագերիների հարցը Եվրոպայի արժանապատվության հարցն է. Նաիրա Զոհրաբյան


Հայ ռազմագերիների հարցը Եվրոպայի արժանապատվության հարցն է. Նաիրա Զոհրաբյան

  • 21-05-2021 16:00:02   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
 
«Մենք բոլորս հայ ենք»՝ երեկ Եվրոպական խորհրդարանում հայ ռազմագերիների խնդրով բավականին բուռն քննարկման ժամանակ հայտարարեց  կիպրացի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը։ 
 
Նա նաեւ պնդեց, թե պետք չէ սպասել ու հուսալ, որ Ադրբեջանը կամովին վերադարձնելու է հայ ռազմագերիներին, որովհետեւ սեփական կամքով Ադրբեջանը դա չի անելու։ Լուկասը հայտարարել է, որ հայ ռազմագերիների հարցը այսօր Եվրոպայի արժանապատվության հարցն է եւ կոչ է արել Եվրոպային լրջագույն սանկցիաներ կիրառել Ադրբեջանի հանդեպ՝ պարտադրելով վերադարձնել հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց։ 
 
Ադրբեջանին ջախջախող Եվրոպական խորհրդարանի բանաձեւն ընդունվել է 607 կողմ եւ 27 դեմ ձայնով։ 
 
Հետաքրքիր է, որ «դեմ» քվեարկածները հիմնակում լեհերն էին, ովքեր, փաստորեն, պաշտպանում են ֆաշիզմը եւ ռազմական հանցագործությունները։ Իսկ լեհական պատվիրակության երկու անդամներ՝ Աննա Ֆոտիգան եւ Ռիշարդ Չարնեցկին այլեւս աներկբա է, որ ադրբեջանական պատվավոր խավիարակերներ են։
 
Ուստիեւ՝ այսօր դիմել եմ Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիին՝ ներկայացնելով մի շարք փաստեր այդ երկու լեհ պատգամավորների քվեարկությունների եւ հայտարարությունների վերաբերյալ եւ առաջարկել եմ սկսել հետաքննություն՝ պարզելու նրանց ադրբեջանական լոբբիստական հակումների իրական պատճառները։ 
 
Իսկ եվրոպական բարձր արժեքներից բղավող Լեհաստանին հեչ չէր խանգարի հետեւել Եվրոպական խորհրդարանում իր երկրի պատգամավորների քվեարկությանը, որոնց զգալի մասը դեմ է քվեարկում հայ ռազմագերիների անհապաղ ազատմանը, դեմ է քվեարկում Ադրբեջանում հայ ռազմավարի խայտառակ ցուցահանդեսի փակմանը, դեմ է քվեարկում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի  հատման վտանգին»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն